Այս իշխանությունը հզոր բանակի կոնցեպտ չունի. Դավիթ Ջամալյան
12 Դեկտեմբերի 2023, 21:30
Բանակի առջև ծառացած իրական խնդիրները լուծելու առումով կառավարությունը ոչինչ չի անում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած անձանց մասին կարգավորմանը:
«Սա մի նախաձեռնություն է, որից ԶՈՒ-ն ոչինչ չի շահելու, և բանակի մարտունակության վերականգնման հետ այս նախաձեռնությունը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ: Ըստ էության՝ իրենք բյուջեն լցնելու խնդիր են լուծում և ոչ ավելին: Զինված ուժերին այս իշխանությունը հավուր պատշաճի ուշադրություն չի դարձրել և չի դարձնելու: Երկիրն ունի հնարավորություններ բանակը ոտքի կանգնեցնելու համար: Կան միջոցներ, որոնք այս տարիների կարող էին ուղղվել ԶՈՒ, և խաթարված մարտունակությունը կարող էր վերականգնվել:
Վերջին հետպատերազմյան շրջանում տասնյակ միլիոնավոր դոլարներ վատնվել են ոստիկանության համակարգն ուրճացնելու ուղղությամբ: Եթե այդ գումարներն ուղղվեին Զինված ուժերին, կկարողանայինք շատ հարցեր լուծել: Այս նախաձեռնությունը բյուջե է լցնելու և բանակին ոչինչ չի տալու: Մինչդեռ բանակի առջև ծառացած իրական խնդիրները լուծելու առումով կառավարությունը ոչինչ չի անում, քանի որ իրենց պատկերացրած «Խաղաղության խաչմերուկ» հանդես եկող Հայաստանում ուժեղ բանակի անհրաժեշտություն չի լինելու»,- ասել է Ջամալյանը:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանության և հայ հասարակության ցանկությունները չեն համընկնում:
«Հետպատերազմյան երեք տարիները շատ մեծ ժամանակահատված էր բանաը հավուր պատշաճի բերելու և զինվորների մարտունակությունը վերականգնելու համար: Երեք տարվա ընթացքում կարելի էր բանակի մարտական հնարավորությունները ամբողջ ծավալով վերականգնել, և այսօր կարող էինք ունենալ բանակ, որի մարտունակության մակարդակը ոչնչով չէր զիջի 2018-ի մակարդակին: Տպավորություն է ստեղծվել, թե բանակի մարտունակությունը վերականգնելու համար քայլեր են արվում, բայց չի արվել ոչինչ: Եվ պատճառն այն է, որ հզոր բանակի կոնցեպտ այս իշխանությունը չունի:
Այս պահին կառավարության ընկալումներում կա ուրճացված ոստիկանական համակարգի մասին պատկերացում և պատահական չէ, որ իրենք ցուցադրաբար վիթխարի միջոցներ, ջանքեր գործադրում է հենց ոստիկանության համակարգում: Այս իշխանության և հայ հասարակության ցանկությունները չեն համընկնում: Ըստ էության՝ եթե սրանք շարունակեն մնալ իշխանության գլխին, առաջիկա տարիներին ԶՈՒ-ի դերը նվազեցնելուն ուղղված հետևողական քաղաքականության ականատես ենք լինելու»,- եզրափակել է Ջամալյանը: