Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը

27 Դեկտեմբերի 2023, 12:24

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

(Բաքվի թիրախները շատ ավելին են, քան կարծում է Հայաստանի քաղաքական դասը)

Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին հանձնել են Հայաստանից իրենց հարազատների ուղարկած ծանրոցները։

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր տարիների ներկայացուցիչներից ադրբեջանական գերության մեջ են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։

Տեղեկատվական այս առիթը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկելու հետևյալ հարցը՝ ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Անմիջապես նշենք, որ Իլհամ Ալիևի՝ հայկական պետականությունը քանդելու ռազմավարական նպատակը ուղղակիորեն կապված է Արցախի նախկին ղեկավարներին գերության մեջ պահելու փաստի հետ։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում հասարակական կարծիքը շարունակում է մանիպուլացվել՝ հայտարարութուններով, որ, օրինակ, Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և կարող է Բաքվին՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի առիթ տալ, իրականությունն այն է, որ Ադրբեջանին սպառնացող հիմնական սպառնալիքը Բաքվում համարում են հենց ադրբեջանական պետության հարեւանությամբ հայկական պետականության գոյության փաստը։

Ալիևը հիանալի հասկանում է, որ առանց Երևանի ռազմական, քաղաքական և տնտեսական օգնության Արցախը չէր կարողանա գոյություն ունենալ 1994 թվականից ի վեր և արդյունավետ պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ըստ այդմ, Ադրբեջանի հիմնական նպատակը շարունակում է մնալ հենց Հայաստանի առավելագույն թուլացումը՝ ընդհուպ հայկական պետականության վերացում։

Հենց վերը նշվածի համատեքստում պետք է ասել, որ Հայաստանի քաղաքական դասը վատ է հասկանում, թե ինչ է կատարվում (եթե ընդհանրապես հասկանում է), թե ինչ նպատակներով են Ղուկասյանը, Սահակյանը, Բաբայանը, Մանուկյանը, Հարությունյանը, Իշխանյանը, Մնացականյանը և Վարդանյանն առևանգվել:

Ադրբեջանի խնդիրը հետևյալն է․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ստանալ հստակ ապացույցներ, որ Հայաստանի իշխանությունները առանցքային դեր են ունեցել Արցախի պետական-իրավական կարգի ձևավորման, Արցախի ամբողջական պետականության կայացման գործում։ Դա Ալիևին հնարավորություն կտա Հայաստանից փոխհատուցում պահանջել։ Սա կարող է նաև Ադրբեջանին հիմնավորումներ տալ՝ Հայաստանի տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին Ադրբեջանին արտահանձնելու պահանջի համար։

Հայաստանի քաղաքական դասը հենց սա չհասկացավ, նրանք չհասկացան, որ այդ նպատակով է նաև վավերացվել չարաբաստիկ Հռոմի կանոնադրությունը, որպեսզի ՄՔԴ-ի առաջին իսկ խնդրանքով՝ արտահանձնեն Հայաստանի պետական իշխանության համակարգում 1991-2018թթ. առանցքային դիրքեր զբաղեցնողներին:

Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան չեն թաքցնում իրենց նպատակները, այլ բան, որ մենք անընդհատ փորձում ենք ինքնախաբեությամբ զբաղվել։ Մենք փորձում ենք ինքներս մեզ համոզել, որ «կպլստանք», որ «միջազգային հանրությունը մեզ կփրկի», կամ որ մեզ կփրկի այն փաստը, որ «մեր պետությունը ՄԱԿ-ի անդամ է»… Մենք հիմա փաստացի միասին ֆիքսում ենք հավաքական, ազգային և զանգվածային ինքնախաբեության եզակի դեպք: Մտածեք վերը նշված բոլորի և այն հետևանքների մասին, որոնք սպասում են մեզ բոլորիս: