Վրաստանի նախագահն ու վարչապետը շնորհավորել են հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ

06 Հունվարի 2024, 20:00

Քաղաքականություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:

«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին», — «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։

«Շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի առթիվ։ Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի բոլորին, որոնք հոգով և սրտով նշում են այս մեծ տոնը։ Խաղաղություն և բարօրություն եմ մաղթում բոլորին»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։