ԱՄՆ-ն մտադիր է աստիճանաբար դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից. ամերիկագետ Վլադիմիր Վասիլև
09 Հունվարի 2024, 22:00
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցը Հայաստան:
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը կտրի Ռուսաստանից։
«Ես կարծում եմ, որ Ամերիկան, կամ գոնե Պետդեպարտամենտի ղեկավարությունը չունի մտածված, բավական հաշվարկված պլաններ, թե ինչ անել Անդրկովկասում և ինչ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Բայց մի բան հաստատ կարելի է ասել՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է անել իրենից կախված ամեն ինչ՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու, Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ թուլացնելու և այնպիսի բարենպաստ պայման ստեղծելու համար, որ աստիճանաբար դուրս մղի Ռուսաստանը Հայաստանից։ Այս առումով շատ բարդ հարց է ծագում, թե ինչպես է Ամերիկան իրեն դիրքավորելու հայ-ադրբեջանական հակամարտության հարցում», — ասել է Վասիլևը։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիներն այժմ կարող են կանգնել Հայաստանի և Փաշինյանի կողքին այն պահանջների կամ այն դիրքորոշումների առումով, որոնք զբաղեցնում է Փաշինյանը։ Այստեղ շատ կարևոր նկատառում կա՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը սերտորեն կապված է Թուրքիայի, Էրդողանի հետ, իսկ այն դերը, որ հիմա Էրդողանը խաղում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում, այնքան էլ ձեռնտու չէ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դրա համար էլ տվյալ դեպքում նրանք գուցե այնքան էլ չէին ցանկանա Էրդողանի ուժեղացումն ու Թուրքիայի հզորացումը», — նշել է փորձագետը։
Ամերիկագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի հայկական սփյուռքն իրեն ակտիվ պահի ամերիկյան ներքին քաղաքականության մեջ:
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որ հայկական սփյուռքն ավելի շատ աջակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Բնական է, որ այդ աջակցությունը ենթադրում է հակառուսական տրամադրությունների և դեկլարատիվ քայլերի ուժեղացում՝ կապված Հայաստանին աջակցելու հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է որոշակի միջոցներ հատկացնել Հայաստանին տնտեսապես աջակցելու համար։
Ամերիկայի համար շատ կարևոր է ցույց տալ, որ այն Հայաստանի համար տնտեսական օգնության միակ կամ կարևոր ուղիներից մեկն է։ Դա կարող է ընկնել ամերիկյան քաղաքականության հունի մեջ, և դա մեծ բեռ չի ոչ ԱՄՆ բյուջեի, ոչ էլ այլ բաների համար։ Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ ամերիկացիների համար ամենակարևորը Հայաստանը Ռուսաստանից պոկելն է, հակառուսական տրամադրությունների ուժեղացումը, բայց ոչ հակաադրբեջանական», — եզրափակել է Վասիլևը։