ՀՀ քաղաքացիություն ստանալու մեջ իմաստ չկա, քանի որ մենք նույնպես ՀՀ-ի քաղաքացիներ ենք, և մեր անձնագրում դա նշված է. Արմեն Պետրոսյան
16 Հունվարի 2024, 21:50
Հայաստանի գործող իշխանությունը ամեն կերպ փորձությունների է ենթարկում տեղահանված արցախցիներին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Արմեն Պետրոսյանը:
«Հայաստանի քաղաքացիություն ստանալու մեջ ես իմաստ չեմ գտնում, քանի որ մենք նույնպես ՀՀ-ի քաղաքացիներ ենք, և մեր անձնագրում նշված է դա: Ցավոք, մերօրյա իշխանությունները ամեն կերպ փորձությունների են ենթարկում տեղահանված արցախցիներին: Աշխատանքի ընդունման կամ այլ հարցերում նրանց պարտադրում են ընդունել Հայաստանի քաղաքացիությունը: Այստեղ ես թաքնված վտանգ եմ տեսնում հետագայում իրենց գույքային իրավունքի հետ կապված, թեև դիմողներն այդքան էլ շատ չեն: Մարդկանց մեծ մասը չի գտնում, որ դրա կարիքը կա: Այն արցախցիները, որոնք ստիպված դիմում են քաղաքացիության համար, ունեն մեկ պատճառ. նրանք իրենց անձնագրերով չեն կարողանում ընդունվել աշխատանքի»,- ասել է Պետրոսյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանության նմանատիպ որոշումներն ուղղված են նրան, որ արցախցիները լքեն մայր հայրենիքը և դրանով փակեն Արցախի վերջին էջը:
«Շատ լավ կլիներ, որ ՀՀ-ն որոշում ընդուներ 070 կոդով անձնագրերը հավասարեցնել Հայաստանում գործող այլ կոդերով անձնագրերին: Նման որոշումը կօգներ մարդկանց ավելի քիչ հայտնվել քաշքշուկների մեջ: Նման խոչընդոտներ ստեղծելով՝ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ բռնի տեղահանված արցախցիները լքեն մայր հայրենիքը և դրանով Արցախի էջը փակվի: Արցախի տարածքի հանձնումով Արցախի հարցը չի լուծվել, քանի որ դեռ կան արցախցիները: Նրանք ամեն ինչ անում են, որ արցախցիները ցրվեն աշխարհով մեկ, կորցնեն իրենց բարբառը, սովորույթները, խոհանոցն ու այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ»,- եզրափակել է Պետրոսյանը: