ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը. կայացել է Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստը

19 Հունվարի 2024, 15:35

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը,  ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը՝ ներկայացնելով հունվարի 18-ին տեղի ունեցած Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն — Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստի արդյունքները:

Նշվում է, որ այս տարվա երկխոսությունն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ, ներառյալ՝ գենդերային  հավասարության, խտրականության բացառման, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական և սահմանադրական բարեփոխումների, փախստականների իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Եվրոպական միությունը շնորհավորել է Հայաստանին  2022 թվականի նոյեմբերին կայացած ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության վերջին նիստից հետո մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությամբ արձանագրած առաջընթացի կապակցությամբ, չնայած գոյություն ունեցող բարդ մարդասիրական մարտահրավերներին և անվտանգության բարդ համատեքստին։ Կարևոր ձեռքբերում է  Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունումը:

Մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության գենդերային նոր ռազմավարության նախագծի և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող աշխատանքների վերաբերյալ։ ԵՄ-ը ողջունել է երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի տեսչական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և առաջիկա քայլերը, ինչպես նաև տեղեկացրել ընտրական համակարգի լավարկման հետագա ծրագրերի մասին։

Դրվատելով Հայաստանին առկա դրական զարգացումների առթիվ ՝ ԵՄ-ը նշել է, որ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարիք ունի հետագա բարելավման, մասնավորապես՝ կալանքի պայմանների, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա բռնության և խտրականության, ընտանեկան բռնության և ատելության խոսքի հետ կապված: Կողմերը քննարկել են նաև իրավապահ համակարգում և զինված ուժերում մարդու իրավունքներին  վերաբերող հարցեր։

Եվրոպական միությունը և Հայաստանը քննարկել են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը, ինչպես նաև  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 13-րդ արձանագրության վավերացումը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը համապատասխան պետական մարմիններում ՄՔԴ կանոնների և ընթացակարգերի ոլորտում կարողությունների զարգացման գործում:

Հայաստանը Եվրոպական միությանը տեղեկացրել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակման և դրան հաջորդած բռնի տեղահանության հումանիտար և մարդու իրավունքների վրա ազդեցության մասին։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են իրենց կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները։ Հայաստանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր  ուժ ունեցող որոշումների անհապաղ կատարման կարևորությունը։

Մասնակիցները քննարկել են ավելի քան 100.000 փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու  և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար  միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում:

Եվրոպական միությունը հիշեցրել է ԵՄ կողմից մարդասիրական նպատակով տրամադրված 12,2 մլն եվրո աջակցությունը և 15 մլն եվրո բյուջետային աջակցությունը, ինչպես նաև հայտնել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանն  աջակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների համար  ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով շարունակելու հանձնառությունը:

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Հիմա եթերում