Մաեստրո Դավիթ Հալաջյան․ աշխարհահռչակ կոմպոզիտորը

07 Փետրվարի 2024, 21:56

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր՝ փետրվարի 7-ին, ծննդյան տարեդարձն է նշում աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը։ Նա դառնում է 61 տարեկան։

Կոմպոզիտորը ծնվել է Հայաստանի սրտում՝ Երևանում։ Երիտասարդ տարիքից նրան գրավում էին երաժշտության հնչյունները, ուստի պարզ էր՝ ուր էր տանելու նրան ապագան։ Հալաջյանն ավարտել է պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, որտեղ սովորել է նաև կոմպոզիցիա և տեսություն։

1989 թվականին հաջողությամբ ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ դիրիժորական և կոմպոզիտորական մասնագիտությամբ, ինչպես նաև երաժշտության տեսության ավագ դպրոցի ուսուցիչ։ Դավիթ Հալաջյանի հավակնություններն այսքանով չեն սահմանափակվել, և նա ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, որտեղ պաշտպանել է ատենախոսություն կոմպոզիցիայի և երաժշտագիտության վերաբերյալ:

Միաժամանակ Դավիթ Մարատի Հալաջյանն աշխատել է Հայաստանի պետական ռադիոյում՝ որպես երաժշտական խմբագիր, իսկ 1987-1991 թվականներին ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգչախումբը։

90-ականների սկզբին Հալաջյանը տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ ուսումը շարունակել է էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում՝ Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում։

Դավիթ Հալաջյանն ունի ավելի քան 20 տարվա մանկավարժական փորձ՝ երաժշտություն դասավանդելով աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում։
Ներկայումս կոմպոզիտորը դասավանդում է Ցումիկոնի երաժշտական դպրոցում և Ցյուրիխի կոնսերվատորիայում։ Բացի այդ, նա ղեկավարում է «Մաուր» երաժշտական խումբը, «Անանուն» երգչախումբը Դիետիկոնում, իսկ 2013 թվականից՝ «Ակոսմա» կամերային երգչախումբը։

Մաեստրո Հալաջյանի ստեղծագործությունները ներկայացվել են տարբեր համերգների և երաժշտական փառատոների Հայաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Լիտվայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում:

Հիմա եթերում