«Քրիստոնյա Հայաստանի արվեստը» ցուցահանդեսը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստան-Հայաստան մշակութային կապերը

16 Փետրվարի 2024, 19:46

Մշակույթ

Մոսկվայի «Չեռնիգովի Գրապալատ» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 5-ից 26-ն անցկացվում է «Քրիստոնյա Հայաստանի արվեստը» ցուցահանդեսը, որը պատրաստվել է հայ եկեղեցական արվեստի «Տապան» թանգարանի կողմից:

«Մենք այս ցուցահանդեսում ներկայացնում ենք մեր ժողովրդի կենցաղն ու մշակույթը, որոնք անբաժանելի են։ Որովհետև, ներկայումս մեր հայ հայրենակիցը կարող է իրեն չհամարել եկեղեցական, որևէ կրոնի անդամ և միանգամայն այդպիսին կարող է լինել, ասենք, 100 տոկոսով աշխարհիկ մարդը, բայց Հայաստանի՝ մեր ողջ քրիստոնեական երկհազարամյա պատմությունը վկայում է հակառակը: Մեր երգերը, մեր շարականները, մեր վանքերն ու տաճարները սերտորեն կապված են եղել ժողովրդական կենցաղի հետ»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը։

Չեռնիգովի գրապալատի աշխատակից Դմիտրի Միրոնովն էլ Alpha News-ին ասել է․ «Այս ցուցահանդեսը մեծ թվով մարդկանց աշխատանքի արդյունք է, որն ուղղված է ռուս ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների փոխհարաբերությունների և մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանը»։