Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը (Տեսանյութ)
29 Փետրվարի 2024, 20:00
Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։
Ամենօրյա պարբերականությամբ ադրբեջանական վանդալիզմի տասնյակ փաստեր ենք արձանագրում։ Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։ Տեղեկությունը հայտնում են «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջում։
«2020թ. սեպտեմբերի 27-ի թուրքադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության թիրախում են հայտնվել Շուշիի պատմական գերեզմանոցները, Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցներ, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի գերեզմանոցը, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը և այլն։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- ասված է հայտարարությունում։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։