Հայաստանից Սոչի մեկնած 200 երիտասարդ մասնակցում է Երիտասարդության համաշխարհային փառատոնին

04 Մարտի 2024, 15:46

Մշակույթ

Համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի է ժամանել Հայաստանի պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Սոչիի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Ռուսաստան ժամանելուց հետո հայկական պատվիրակությանն ընդունել են Սոչիի հայերը, որոնք հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել իրենց հայրենակիցների համար՝ ընթրիքով և համերգային ծրագրով։

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված է ավելի քան 200 հայ երիտասարդ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մարտի 1-ից 7-ը «Սիրիուս» դաշնային տարածքում անցկացվում է Երիտասարդության համաշխարհային փառատոնը, որին մասնակցում են ավելի քան 20,000 ռուս և օտարերկրյա երիտասարդ առաջնորդներ (աշխարհի 188 երկրից) բիզնեսի, մեդիայի, դիվանագիտության, մշակույթի, գիտության, կրթության, կամավորության և բարեգործության, սպորտի, հասարակական կյանքի տարբեր ոլորտներից, ինչպես նաև դեռահասներ, որոնք ներկայացնում են մանկական կազմակերպություններ և ասոցիացիաներ:

Երիտասարդության համաշխարհային փառատոնն ամենամեծ հարթակն է, որտեղ առաջատարներ կան գիտության, բիզնեսի, տնտեսության, կրթության և սպորտի ոլորտներում:

Այս տարի փառատոնին առաջին անգամ կմասնակցեն 14-17 տարեկան դեռահասներ՝ 500 ռուսաստանցի և 500 օտարերկրացի: