Սոցինտերնի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև է ընդունել
08 Մարտի 2024, 11:37
Փետրվարի 24-25-ը Մադրիդում, Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) կենտրոնակայանում տեղի է ունեցել Սոցինտերնի խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ և Հայ դատի հանձնախմբի անդամ Մարիո Նալպատյանը, ով նաև Սոցինտերնի փոխնախագահներից մեկն է։
Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կազմակերպության նախագահության և խորհրդի նիստերի բացման խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Սոցինտերնի նախագահության և խորհրդի հանդիպումներում Մարիո Նալպատյանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտումները, Ադրբեջանի բռնությունները, ինչպես նաև սպառնալիքներն ու պահանջները, Ադրբեջանի ցեղասպանական քայլերի հետևանքով առաջացած իրավիճակը և մարտահրավերները:
Սոցինտերնի խորհուրդը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ բանաձև է ընդունել, որում ասվում է.
«Սոցինտերնը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու համար նման համաձայնություն պետք է ձեռք բերվի առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման՝ հիմնված միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի վրա՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգայնորեն հովանավորվող խաղաղ գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների և անվտանգության լիարժեք իրացումը իր պապենական տարածքում:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ մեր երկարամյա սկզբունքային քաղաքականությանը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը Ադրբեջանին պարտավորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանություն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ», ինչպես նաև հրաժարվել «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կրկին կոչ ենք անում՝
- Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը՝ ապահովել ժողովրդի հավաքական, անկաշկանդ և անվտանգ վերադարձը հայրենիք։ Նաև՝ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխավորված միջանկյալ կարգավիճակ ապահովել՝ երաշխավորելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների ամբողջ ծավալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արդյունավետ երաշխիքներ, ինչպես նաև միջազգային նորմերով երաշխավորված անխոչընդոտ ցամաքային կապ Հայաստանի հետ։
- Ազատ արձակել ռազմագերիներին և կալանավորված անձանց։
- Տրանսպորտի և կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով և համաժամանակյա՝ առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։
Սոցինտերնը պատրաստ է աջակցել այս գործընթացներին իր գրասենյակների միջոցով և իր անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցությամբ»։
Սոցինտերնի խորհրդի նիստը որոշումներ է ընդունել նաև կազմակերպչական հարցերի վերաբերյալ և ընդունել Մադրիդյան հռչակագիրը։
Սոցինտերնը սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և բանվորական կուսակցությունների համաշխարհային կազմակերպությունն է։ Այն ներկայումս միավորում է 132 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն բոլոր մայրցամաքներից: ՀՅԴ համապատասխան կառույցները Սոցիալիստական ինտերնացիոնալի կանանց (SIW) և Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) լիիրավ անդամներ են։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանը IUSY-ի փոխնախագահ է։