Համլետ Գալեչյան․ Հայ թատերական արվեստի ներկայացուցիչը Մոսկվայում
10 Մարտի 2024, 23:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 10-ը «Գավիթ» թատրոնի դերասան և ռեժիսոր Հալմետ Գալեչյանի ծննդյան օրն է:
2000 թվականին Գալեչյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական-դերասանական փորձարարական կուրսը, 2002 թվականին Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանում անցել է «մասսայական ռեժիսուրայի» խորացված դասընթացներ, 2007 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտին կից բեմարվեստի գործիչների բարձրագույն դպրոցը։
Հենց Գալեչյանն է Մոսկվայում ստեղծել թատրոն, որը հայերեն ներկայացումներ է բեմադրել։ Սա ամբողջովին հայկական թատրոն է, որը գտնվում է Հայաստանից դուրս։
«Սփյուռքահայ հանդիսատեսին Հայաստանի մասին ներկայացումներ են պետք։ Սփյուռքահայի մոտ հայրենիքի զգացողությունն ավելի սուր է։ Հայկական թատրոնը նրա համար ինքնությունը չկորցնելու միջոց է, իսկ Շեքսպիրին նա կարող է դիտել Մոսկվայի մյուս 253 թատրոններում», — հարցազրույցներից մեկում ասել է «Գավիթի» գեղարվեստական ղեկավարը։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե մոսկվայաբնակ հայ երիտասարդին հետաքրքրում է արվեստի որևէ ճյուղ, նա պայմաններ է ստեղծում՝ հնարավորություն տալով երիտասարդին զբաղվել իր սիրած գործով:
Հենց այս սկզբունքով էլ 2010թ. բացվեց թատերական ստուդիա, որն անցնելով բուհական դասավանդման բոլոր փուլերը՝ վերածվեց թատրոնի»:
Այսօր թատրոնի կազմում շատ են պրոֆեսիոնալ դերասանները, որոնցից շատերին 5 տարի առաջ սերը կապել էր թատրոնի հետ։
Տարիների բեղմնավոր աշխատանքի ընթացքում Համլետ Գալեչյանն իր թիմի հետ բեմադրել է շուրջ մեկ տասնյակ ներկայացումներ, որոնցում բացահայտվում են տարբեր խնդիրներ։