Եվրախորհրդարանի բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք

13 Մարտի 2024, 23:18

Քաղաքականություն

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաեւ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու՝ իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձեւը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ եւս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

Բանաձեւն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։