Ռուսական հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
29 Մարտի 2024, 10:44
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀՌՑ-ն։
Նշվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը։