ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու տարբեր ուղղություններում զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ չի իչականացնում․ հերքում
01 Ապրիլի 2024, 20:28
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/31121728/IMG_4304.jpeg)
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը: