Հայ Դատն աջակցում է Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամի թեկնածու Ատրին Նազարյանին

31 Մայիսի 2023, 13:05

Քաղաքականություն

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հաղորդում է, որ որոշում է կայացվել աջակցել Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի 2-րդ ընտրաշրջանը ներկայացնելու համար իր թեկնածությունն առաջադրած Ատրին Նազարյանի ընտրապայքարին։

Նշենք, որ ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Փոլ Գրիգորյանը, որի պաշտոնավարումը կավարտվի 2024 թվականին։

Ատրին Նազարյանը, լինելով շրջանի հայ համայնքի իրական զավակներից մեկը, իր աշակերտական օրերից նեցուկ է կանգնել Հայ Դատի պաշտպանության աշխատանքներին և նույն այդ Հայ Դատին նվիրված է մնացել իր ամբողջ քաղաքական կյանքի ընթացքում։

2012-ից մինչև 2022-ը նա եղել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ՝ ներկայացնելով 46-րդ ընտրատարածքը, որում ընդգրկված են հայաշատ շրջաններ։

«Ատրին Նազարյանը հատկանշական նպաստ է բերել շրջանի հայ համայնքի, Հայաստանի և Արցախի շահերին, ինչպես նաև դեպի Հայաստան և Արցախ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակության այցեր է կազմակերպել, զորակցել է հայկական քաղաքական առաջնահերթություններն իրականություն դարձնելու ջանքերին և հայկական կազմակերպություններին նյութական աջակցություն է ցուցաբերել»,- հայտնում է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ, իրավաբան Նորա Հովսեփյանը։

Նշենք, որ Նազարյանը կենսական դերակատարություն է ունեցել Արցախի Հանրապետության ճանաչման հարցում Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի 2014-ի որոշման ընդունմանը և Թուրքիայում կատարված նահանգային ներդրումները ետ քաշելու ջանքերի մեջ։

Բացի այդ, Նազարյանը դերակատարություն է ունեցել Ապրիլի 24-ը նահանգի հանրային վարժարաններում և որոշ համալսարաններում արձակուրդային օր դարձնելու աշխատանքներում։

Հիմա եթերում