Ադրբեջանը չի համարձակվում ասել՝ ռուս ջան, դու արդեն անելիք չունես, կարող ես գնալ․ Տիրան Լոքմագյոզյան
06 Ապրիլի 2024, 00:00
Անհավանական է, որ ինչ-որ մի օր քրդերը ապստամբություն կբարձրացնեն ու կհասնեն իրենց նպատակին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
«Առաջինն այն պատճառով՝ Էրդողանը այնպես ջարդեց իրենց մեջքը, որ արդեն քանի տարի է՝ քրդերից ձայն-ծպտուն չկա։ Եթե Քրդստանը լինի, որը անհավանական բան է, կարող է բարեկամ լինել Հայաստանի հետ, սակայն մենք Արևմտյան Հայաստանի վրա վերջնականապես խաչ կքաշենք, որովհետև ամբողջ աշխարհի առջև՝ թուրքերը որպես ցեղասպանող ժողովուրդ, գիտեն, որ հայերի ձեռքից ինչ-որ բաներ են խլել, քրդերին են վատություն արել։ Քրդերը ամբողջ աշխարհի առջև ընդունված են որպես տուժած ժողովուրդ, 30 հազար մարդ են կորցրել, տասնյակ տարիներ պայքարում են իրենց իրավունքների, հողի համար»,- նշել է Տիրան Լոքմագյոզյանը։
Ըստ նրա՝ եթե քրդերը տիրանան Արևմտյան Հայաստանին, ապա նրանցից այն վերցնելն անհավանական կլինի։
«Եթե քրդերը տիրանան Արևմտյան Հայաստանին, ուրեմն մոռացեք դրա մասին։ Արևմուտքը մի օր միտքը կփոխի, քաղաքականությունը կփոխի, կմտածեն՝ դե լավ, օգնենք հայերին, իրենց իրավունք տանք, բայց եթե քրդերի ձեռքը հանձնեն այդ տարածաշրջանը, այլևս նրանց ձեռքից չենք կարող հետ վերցնել։ Տեսականորեն թուրքերի ձեռքից վերցնելու հնարավորություն կա, բայց Արևմտյան Հայաստանը անգամ տեսականորեն քրդի ձեռքից վերցնելու հավանակությունը զրո է։ Աբսուրդ է, բայց մեզ համար ավելի լավ է Արևմտահայաստանը թուրքի ձեռքին լինի, քան քրդի»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, թուրքագետը նշել է, որ այս տարածաշրջանում հայը հնարավոր է չլինի, բայց ռուսը միշտ կլինի։
«Անհավանական է, որ ռուսները այստեղից գնան։ Բոլորին ասում եմ՝ իմացեք, դու կգնաք, բայց ռուսը չի գնա։ Այսինքն, հնարավոր է, հայերը չլինել այս տարածաշրջանում, ինչպես Արցախում, որտեղ հայը չկա, բայց ռուսը կա։ Ռուսը հային պաշտպանելու համար է, Արցախում հայ չկա, բայց Ադրբեջանը չի համարձակվում ասել՝ ռուս ջան, դու արդեն անելիք չունես, կարող ես գնալ։ Թեկուզ այս տարածաշրջանը կդառնա Թուրքիա, Ադրբեջան կամ Իրան, անգամ եթե Հայաստան գոյություն չունենա, ռուսն այստեղ լինելու է։ Եթե ռուսն, այնուամեյանյիվ, այստեղից դուրս գա, մեր վիճակը վատ կլինի»,- զգուշացրել է թուրքագետը։
Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ հայը միշտ էլ դավաճան է եղել, այս պատմությունը 100 տարի առաջ էլ է կրկնվել։
«Ֆրանսիայից ու Անգլիայից ե՞րբ ենք օգուտ տեսել։ Մենք ամբողջ աշխարհի առջև ընդունված ենք որպես դավաճան ազգ, որովհետև 100 տարի առաջ նույն բանը տեղի ունեցավ։ 100 տարի առաջ էլ Ռուսաստանի հետ մի պետություն էինք կազմում, հետագայում ցեղասպանություն եղավ, բայց քանի որ հեղափոխություն կատարվեց Ռուսաստանում, զինվորները, մարդիկ թողեցին, հեռացան այնտեղից։ Մենք մնացինք, ի՞նչ արեցինք։ Միանգամից շուռ եկանք Ռուսաստանի թշնամիների կողմ, սիրախաղ սկսեցինք ֆրանսիացիների, անգլիացիների հետ։ Երբ Ռուսաստանը մի քիչ «շողուլի» եկավ, անգլիացիները, ֆրանսիացիները հեռացան, մենք էլի մնացինք Ռուսաստանի հետ»,- եզրափակել է թուրքագետը։