ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում աշխուժացումը

31 Մայիսի 2023, 16:15

Քաղաքականություն

ԵՄ-ն հայտարարություն է տարածել Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին օգտագործել պատմական պահը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: 

Այսօր ԵՄ մամլո կենտրոնը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ, ուր, մասնավորապես, ասված է. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխուժացել է։ ԵՄ-ն ողջունում է։

ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է օգտագործել պատմական այս պահը և խուսափել քայլերից, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգի տակ դնել խաղաղ գործընթացը»:

Խաղաղության պայմանագրի շուրջ մայիսի սկզբին ԱՄՆ-ում կայացած բանակցություններից հետո, մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախատեսված մեկ այլ հանդիպումից առաջ։ Փաշինյանն ու Ալիևը բանակցել են նաև Մոսկվայում։

Բրյուսելում նրանց բանակցությունների առանցքը սահմանային խնդիրներն էին, ճանապարհները, հումանիտար հարցերը և նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

Բանակցություններից հետո երկու առաջնորդները հրապարակավ վերահաստատեցին իրենց դիրքորոշումները՝ հավատարիմ են 1991թ. Ալմաթիի հռչակագրին և ճանաչում են Հայաստանի (29 800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86 600 քառակյուսի կիլոմետր) տարածքային ամբողջականությունը:

«Ողջունում ենք այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին արված համարձակ հայտարարությունը և [Հայաստան-Ադրբեջան] սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը։

Ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։ Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել՝ վստահության [մթնոլորտ] ձևավորելու, բարեխղճորեն ներգրավվելու և առաջնորդություն ցուցաբերելու համար՝ հասնելու համապարփակ նորմալացմանը վերաբերող բոլոր հարցերի լուծումանը:

Չնայած հակամարտության բարդ պատմությանը և անցյալի խնդիրներին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով։

ԵՄ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս գործում»:

Զուգահեռաբար՝ այսօր թվիթերյան գրառմամբ է հանդես եկել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը․

«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունը այժմ վճռորոշ նշանակություն ունի վերջիններիս իրավունքների և անվտանգության ապահովման համար։ Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և կենտրոնանալ երկխոսության վրա։

Ժամանակ է անհրաժեշտ վերքերի ապաքինման համար՝ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո: Հարկավոր են համարձակ որոշումներ»:

Հիմա եթերում