EXCLUSIVE․ Որպես Գլենդելի քաղաքապետ՝ առաջին քայլս մեր հայ համայնքին միավորելը պետք է լինի․ Էլեն Ասատրյան

11 Ապրիլի 2024, 22:37

Քաղաքականություն

Ինչ լինում է Գլենդել քաղաքում, ուղիղ ազդում է մեր քաղաքացիների և փոքր բիզնեսների վրա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Գլենդելի նորանշանակ քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

«Ցանկացած որոշում ուղիղ ազդում է նաև մեծաթիվ հայ բնակչության վրա, որը կազմում է Գլենդելի բնակչության 40%-ը։ Բայց եթե մեր քաղաքի ներքին խնդիրներին նայեմ որպես քաղաքապետ, առաջին քայլը պետք է լինի մեր միասնական աշխատանքը։ Կարծում եմ՝ ինձնից լավ ոչ ոք չէր կարող անել այս գործը, քանի որ այս ամենը ես արել եմ մինչև քաղաքապետ դառնալը»,- ասաց Ասատրյանը։

Ըստ նրա՝ քաղաքապետարանը պետք է շատ սերտ աշխատի հայկական ԶԼՄ-ների հետ, որպեսզի ճիշտ ինֆորմացիա հասցնի հայ ժողովրդին։

«Հատկապես այն ամենն ինչ կապված է հայկական մամուլի հետ, քաղաքապետարանը պետք է շատ սերտ աշխատի նրանց հետ, որպեսզի ճիշտ ինֆորմացիա հասնի մեր ժողովրդին։ Բոլոր համայնքների նման մեր համայնքի մթնոլորտն էլ փոխվել է, քանի որ յուրաքանչյուր անձ օգտվում է սոցիալական կայքերից, ինչ ուզում են՝ տարածում են, և որպես քաղաքապետարան մեր պարտականությունն է՝ հանրությանը փոխանցել միայն ու միայն ճիշտ լուրեր։ Մինչ այս լուրերը եղել են միայն անգլերեն, բայց ժողով կազմակերպեցինք ԶԼՄ-ների հետ՝ հասկանալու, թե ինչ տարբերակով կցանկանային ինֆորմացիան ստանալ»,- եզրափակեց Ասատրյանը։