Ադրբեջանցիները գալու են մինչև եկեղեցու մոտ, գետակի մոտ են կանգնելու Ադրբեջանի սահմանապահ ուժերը․ Գառնիկ Դանիելյան

Գյուղացիները անորոշության մեջ էին, սպասում էին Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այս պահին գտնվում է Տավուշում․

«Ամեն ինչ սկսեց նրանից, որ Ազգային Ժողովում հարց բարձրացրի, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ոսկեպարցիներին խոստացել է՝ պետք է գնա ու ներկայացնի իրավիճակը։ Գյուղացիները սպասում են նրան։ Ազգային ժողովում ինքն ասաց, որ նման խոստում չի տվել ոսկեպարցիներին, ես պնդեցի, որ նման բան ասել է, ու դրա անհրաժեշտությունը կա, որովհետև մարդիկ անորոշության մեջ են։

Այդ գյուղի բնակիչները դիմել են ինձ, որ ես այդ հարցը բարձրացնեմ ԱԺ-ում։ Երբ ես փոխանցեցի ոսկեպարցիների խոսքերը, դրանից հետո անակնկալ ձևով Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով եկավ Տավուշ, երբ ոչ մեկը չգիտեր դրա մասին։ Էլի իր մարդկանցով, իր թիմով այցելություններ կազմակերպեց։ Առաջին կանգառը Ոսկեպար գյուղն էր։ Շատ մարդիկ անակնկալի եկան»,- մանրամասնել է Դանիելյանը։

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը ուղղաթիռով է Տավուշ գնացել, որ ոչ ոք չիմանա իր գնալու մասին, ամեն ինչ հանկարծակի լինի։

«Ուղղաթիռով գալը միգուցե անվտանգության, միգուցե հանկարծակի գալով էր պայմանավորված, որովհետև եթե ուրիշ միջոցներով է գալիս, մարդիկ տեսնում են, որ շարասյուն է, կամ ճանապարհին մեծ թվով պարեկային ծառայություն է լինում Երևանից մինչև Տավուշի մարզ։ Դա ակնհայտ է։ Իմ կարծիքով՝ հանկարծակիությունն ապահովելու համար էր դա կազմակերպված։ Այստեղ ամենակարևորն այն է, որ առաջին այցի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ եթե դուք այդ պահանջներին չհամաձայնեք, Ադրբեջանը մեկ շաբաթ հետո պատերազմ է սկսելու ու ձեզ սրի է մատնելու։ Դուք այն ժամանակ արդեն գալու եք կառավարության դիմաց ու ասեք, որ ինչ լավ առաջարկներ էի ես անում ու դուք այդ առաջարկները չընդունեցիք, ընտրեցիք պատերազմը»,- ասել է մեր զրուցակիցը ու հավելել․ «Գյուղացիները շատ վատ էին ընդունել այդ առաջարկը, և այսօր Փաշինյանը Տավուշում ասում է, որ ամեն ինչը մասամբ է լինելու։

Գառնիկ Դանիելյանը նշել է, որ ամեն ինչ վերջնական չէ, որովհետև կախված է Իլհամ Ալիևի ցանկություններից։

«Այդ մասամբն էլ հենց այն է, ինչի մասին խոսվում է։ Ադրբեջանցիները գալու են մինչև եկեղեցու մոտ, ներքևը գետակ կա, դրա մոտ են կանգնելու Ադրբեջանի սահմանապահ ուժերը, ու մեր սահմանապահներն էլ պետք է այդտեղ կանգնեն։ Այդ պարագայում՝ ճանապարհի վերահսկողությունը չի իրականացվելու ադրբեջանցիների կողմից, մեր վերահսկողության տակ է լինելու։ Սա 99 տոկոսանոց պայմանավորվածություն է Ոսկեպարի մասով, բայց հնարավոր է ամեն րոպե որոշում փոխվի, որովհետև կախված է նաև Ալիևի ցանկություններից։ Սա քննարկմանը ներկա եղած մարդկանց՝ ինձ փոխանցած հատվածն է, որի մասին խոսվել է»,- եզրափակել է Գառնիկ Դանիելյանը։