Արցախում շարունակվեց Թուրքիայի իրագործած Ցեղասպանությունը. Բեռնար Կուլի
23 Ապրիլի 2024, 22:00
Ես, իհարկե, կարծում եմ, և հաստատում, որ այն, ինչ պատահեց Արցախում վերջին տարիներին, նույն հարթության վրա է այն իրադարձությունների հետ, որոնք մենք անվանում ենք ցեղասպանություն: Այս մասին Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի արևելագիտության պրոֆեսոր Բեռնար Կուլին:
«Արցախում կատարվածն, իրականում, ցեղասպանական գործընթացի մաս է: Կարծում եմ՝ ընդհանրապես կարևոր է, որ մարդիկ հասկանան, թե ինչ է ցեղասպանությունը: Դա միայն մարդկանց ֆիզիկական բնաջնջումը, սպանությունը չէ, ինչպես հայերի հետ պատահեց մեկ դար առաջ: Դա նաև մերժելը և ժխտելն է իր բնօրրանում ապրելու՝ մարդկանց մի խմբի իրավունքը: Երբ դու ֆիզիկապես բնաջնջում ես մարդկանց, պետք է ջնջես նաև այդ մարդկանց ներկայության և քո հանցանքի ապացույցները: Եկեղեցիները, խաչքարերը, ձեռագրերը: Այս պարագայում անգամ այլևս կանգնած չես լինում իրագործած ցեղասպանությունը ճանաչելու պահանջի առաջ: Պարզապես, երբ ջնջել ես հայկական հետքը, կարող ես պատասխանել, թե ցեղասպանություն չես իրագործել, հայերին չես բնաջնջել, որովհետև այդ տարածքներում երբեք հայեր չեն եղել: Այնպես որ, մարդկանց բնաջնջումը մի փուլն է, նրանց ներկայության ապացույցներից ազատվելը՝ մեկ այլ: Եվ իհարկե, 1915-ին և հաջորդած մի քանի տարիների ցեղասպանությունից հետո այդ գործընթացը շարունակվել է: Նկատի ունեմ Թուրքիայի արևելքում եկեղեցիների, տաճարների, խաչքարերի ոչնչացումը:
Ստիպելով և պարտադրելով Լեռնային Ղարաբաղի հայերին հեռանալ՝ էթնիկ զտում իրագործելով, Ադրբեջանն ազատեց Լեռնային Ղարաբաղի տարածքները հայերի պատմական և հազարամյա ներկայությունից: Այնպես որ, այո, եղածը միանշանակ ցեղասպանական գործընթացի շարունակություն էր»,- նշել է Կուլին:
Պրոֆեսորն ընդգծել է՝ հայերը և Հայաստանը հայտնվել են աշխարհաքաղաքական խնդիրների մեջտեղում, թեև այդ խնդիրները կապ չունեն նրանց հետ։
«Հայերը և Հայաստանն աշխարհաքաղաքական խնդիրների ճիշտ մեջտեղում են, բայց այդ խնդիրնեն իրականում որևէ կերպ առնչություն չունեն Հայաստանի և հայերի հետ: Այն, ինչ կատարվում է, ցուցիչ է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրավիճակից քաղել առավելագույնը: Առաջին հերթին, այո, պահանջում են միջանցք, որով Ադրբեջանը ցամաքային կապ կհաստատի Նախիջևանի հետ, ի դեպ Նախիջևանն էլ պատմական հայկական տարածք է, այդ միջանցքով Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ, այնուհետև այդ միջանցքով Թուրքիան կկապվի Կենտրոնական Ասիայի հետ՝ ստանալով իր պանթուրքական նախագիծը: Այս քաղաքականությունը ակնհայտորեն տեսնում ենք արդեն ավելի քան մեկ դար: Ծրագրում են նաև այդ միջանցքով անցկացնել խողովակաշարեր ու Ադրբեջանի գազային պաշարները հասցնել Եվրոպային: Այդ պատճառով է, որ Եվրոպան առավելագույն խստությամբ չէ, որ արձագանքում է կատարվողին, որովհետև Եվրոպան ունի այդ խողովակաշարերի կարիքը: Այսպիսով, տեսնում եք, որ հայերը և Հայաստանը մեծ խաղի մաս են, բայց այդ խաղը նրանց մասին չէ, ու այդ պատճառով է, որ Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստանը և հայերին ոչ ոք չի պաշտպանում»,- ասել է Կուլին:
Խոսելով հայերի գլխին կախված նոր ցեղասպանության վտանգի մասին՝ նա նշել է․
«Հարցն այն է՝ Ադրբեջանը կգնա՞ լայնամասշտաբ հարձակման, կներխուժի՞ Հայաստան, թե ոչ: Այս հնարավորությունը ես չէի բացառի, պետք չէ նման հնարավորությունը երբևէ բացառել: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պահանջում է գյուղեր, տարածքներ և տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է, ցանկանում է կատարել այդ պահանջները: Վտանգավորն այն է, որ անգամ դրանից հետո Ադրբեջանը պահանջելու է այլ գյուղեր ու տարածքներ: ՀՀ կառավարությունը մտել է մի գործընթացի մեջ, որը չի վերահսկում, և սա չափազանց վտանգավոր է: Հայաստանը բախվելու է նորանոր պահանջների ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից: Փաշինյանը կարծում է, թե նոր ներխուժումից խուսափելու, նոր հարձակումը կանխելու համար կարելի է գնալ զիջումների…
Պատմությունը մեզ համար ցուցիչ է, որ Թուրքիան և Ադրբեջանն ամեն զիջումից հետո ունենալու են նոր պահանջներ: Հայաստանը բարդագույն վիճակում է, որովհետև չեմ կարծում, թե ունի բավականաչափ կարողություններ Ադրբեջանին ռազմական դիմադրություն ցույց տալու համար: Եվրամիության անդամ ավելի շատ երկրներ, նաև Միացյալ Նահանգները պետք է ավելի նկատելի աջակցություն ցուցաբերեն Հայաստանին՝ Ադրբեջանի այս բոլոր պահանջների համար: Չեմ կարծում, որ ուղիղ աջակցություն կլինի, բայց պետք է լինի առնվազն անուղղակի և քաղաքական աջակցություն»:
Կուլին վստահեցնում է՝ Հայոց ցեղասպանության էջը փակելու միակ ճիշտ ուղին Թուրքիայի կողմից դրա ճանաչումն է։
«Նորից պետք է ընդգծեմ, որ Հայաստանը բարդագույն վիճակում է, բայց Հայոց ցեղասպանության էջը փակելու միակ ճիշտ ուղին Թուրքիայի ճանաչումն է: Եթե Հայաստանը համաձայնի և հայտարարի, որ այդ էջը փակ է՝ առանց Թուրքիայի ճանաչման, կլինի սկանդալ: Որովհետև դա կլնի պատմության ժխտում, իրականության հերքում: Ցեղասպանությունն իրագործվել է, եղել է, սա պատմական փաստ է: Տասնյակ, տասնյա’կ գիտնականներ են փաստագրել ու փաստում դա՝ տասնամյակների իրենց հետազոտական աշխատանքներով: Եւ ոչ միայն հայ պատմաբաններ ու ցեղասպանագետներ․․․
Ցեղասպանությունն ապացուցված փաստ է: Եվ եթե Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դադարի պայքարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, շատ, շատ վտանգավոր կլինի հենց Հայաստանի համար:
Առաջին հերթին պետք է հասնել ճանաչման Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Իհարկե, առաջին հերթին Թուրքիայի ճանաչումն է կարևոր: Այստեղ պետք է ընգծել՝ ոչ ոք Թուրքիայից չի պահանջում, որ այն ընդունի, ի վերջո Թուրքիան է իրագործել Ցեղասպանությունը, բայց պետք է ընդունել, որ Ցեղասպանությունն իրագործել են Օսմանյան Թուրքիան և երիտթուրքերի կառավարությունը: Այն ժամանակ Հանրապետական Թուրքիան դեռ հիմադրված չէր: Բայց փաստը, որ ներկա Թուրքիան, չի ճանաչում իր նախորդների, նախորդ ռեժիմի իրագործած ցեղասպանությունը, ցուցիչ է, որ Օսմանյան Թուրքիան, երիտթուրքերը Աթաթյուրքից մինչև ներկա Թուրքիան, էրդողանական Թուրքիան ունեն գաղափարական ընդհանրություններ: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո միայն կարելի է ներկա իրողությունների որևէ փոփոխություն ակնկալել։ Ադրբեջանը, իհարկե, կհետևի Թուրքիային՝ առերեսվելով Արցախում կատարվածին, միայն դրանից հետո կարելի է բացել սահմանը…։
Պետք է լավատես լինեք: Դա անպայման պատահելու է, տասը, քսան տարուց: Համոզված եմ, որ դա պատահելու է: Ի վերջո, պատմությունը միշտ հաղթում է: Հավանաբար հետէրդողանական Թուրքիայում, բայց ես ավելի քան համոզված եմ, ճանաչում լինելու է, որովհետև ավելի ու ավելի շատ երկրներ են ճանաչում ցեղասպանությունը, ԵՄ անդամ երկրներ, նաև ԱՄՆ նախագահ Բայդենը: Մինչև դա՝ վիճակը Հայաստանի համար մնալու է բարդ և լարված»,- եզրափակել է պրոֆեսորը։