Սա ՔՊ-ի վերջին շանսն է՝ օգտվել Սրբազան հոր համերաշխության կոչից․ Գառնիկ Դանիելյան

13 Մայիսի 2024, 22:00

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար պակասում է Իշխան Զաքարյանի ձայնը, որի հետ բանակցություններ են ընթանում։

«Բանակցությունները շարունակվում են Իշխան Զաքարյանի հետ։ Առաջիկայում կներկայացնենք հանդիպումների և բանակցությունների ու, առհասարակ, մեր կատարած բոլոր աշխատանքների մանրամասնությունները։

Շատ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում քաղաքական տարբեր ուժերի հետ։ Այս օրերի ընթացքում շատ կուսակցություններ իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, կոնսուլտացիաներ են գնում ու ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով»,- մանրամասնել է պատգամավորը։

Դանիելյանի խոսքով՝ 24-ժամյա ռեժիմով պայքար է ընթանում։

«Արդեն երկու ամիս է՝ Սրբազանի առաջնորդությամբ պայքարում ենք՝ Տավուշից սկսած։ Ինչքան պետք լինի այս պայքարը շարունակվելու է՝ առանց տրտնջալու,հոգնելու, ավարտի ժամկետներ նշելու։ Մենք դուրս ենք եկել պայքարի վերջնարդյունք ապահովելու համար։ Տավուշից սկսել ենք համախմբումը, տեսնում ենք, որ մարդկանց մոտ տրամադրվածությունների մեծ փոփոխություններ կան, ու դա հենց մեր աշխատանքի արդյունքն է։ Այդ աշխատանքն իր պտուղներն արդեն տվել է, մենք էլ օր ու գիշեր՝ օրվա մեջ մեկ-երկու ժամ աչք փակելով շարունակում ենք մեր պայքարը՝ գրեթե 24-ժամյա ռեժիմով»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։

Նա նշել է, որ ճանապարհներն այսուհետ պիտի ավելի երկար ժամանակով փակվեն, այսինքն՝ անհնազանդության խաղաղ ակցիաները շարունակվելու են։

«Պետք է այս տեմպը պահել ու ավելացնել։ Այսօր բազմաթիվ ակցիաներ կազմակերպվեցին, խաղաղ անհնազանդության ակցիաներ եղան։ Պետք է ճնշումն ավելացնենք, պետք է փակվող ճանապարհների թիվն ավելանա, դրանք պիտի արգելափակվեն ավելի երկար ժամանակով։

Շատ կարևոր է՝ այն մարդիկ, որոնք մասնակցում են երեկոյան հանրահավաքին, ընդգրկվեն անհնազանդության ակցիաների մեջ։ Կարծում եմ՝ մեր առջև դրված նպատակին կհասնենք, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, թե որոշ ՔՊ-ականներ աջակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը․

«Բացառիկ շանս է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ օգտագործելու Սրբազան հոր համերաշխության կոչը։ Լսում ենք, որ ՔՊ-ից մի քանի հոգի աջակցում են, բայց գիտենք, որ իրենց ներսում շատ խորը տարաձայնություններ ու հակասություններ կան։ Մարդիկ ուզում են օգտվել այս հնարավորությունից։ Վաղը այս հնարավորությունը կարող է չլինել։Օգտվեն այս հնարավորությունից ու խաղաղ, անցնում իշխանափոխություն տեղի ունենա»,- եզրափակել է Գառնիկ Դանիելյանը։