«Պատերազմ և երաժշտություն»․ Սարիկ Անդրեասյանը Հայրենական պատերազմի հայ մասնակիցների մասին ֆիլմ կնկարահանի

29 Մայիսի 2024, 21:22

Մշակույթ

Ռուսաստանահայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է իր նոր՝ «Պատերազմ և երաժշտություն» նախագծի մասին, թե ինչու է վայրը՝ Հայաստանը, միշտ հետաքրքիր ֆիլմերում։

«Մեծ նախագիծ ունենք, որը կոչվում է «Պատերազմ և երաժշտություն»։ Այս ֆիլմը կթողարկվի հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 85-ամյակի կապակցությամբ։ Մենք ոգեշնչվեցինք այն պատմությամբ, որ հայերը «Քոչարի» են պարել Ռայխստագի պատերի մոտ և որոշեցինք ֆիլմ նկարահանել պատերազմ գնացող երեք հայ երաժիշտների մասին։

Սա հայ-ռուսական համատեղ մեծ ֆիլմ է ընդհանուր հաղթանակի մասին։ Ֆիլմը շատ թանկ է, իսկ յուրահատկությունն այն է, որ դա մեր հարաբերությունների ամրապնդման մասին է։ Խորհրդային շրջանից հետո նկարահանված պատերազմի մասին ֆիլմեր, որտեղ կարտացոլվեր հայերի մասնակցությունը, գործնականում չկան, բայց այդ ժամանակ ռազմաճակատ է գնացել մոտ 600 հազար հայ։

Մեր ֆիլմը հարգանքի տուրք է մեր պապերի հիշատակին։ Սա Խորհրդային Միության և հայերի ընդհանուր հաղթանակի մասին է։ Կարծում եմ՝ մեծ պրեմիերա կլինի, և հաջորդ տարի բոլորը կկարողանան վայելել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»,- ասել է Սարիկ Անդրեասյանը։

Նա նաև նշել է, որ կատակերգություններ են նկարահանում Հայաստանում։ «Այժմ մենք էկրանավորելու ենք Ալեքսանդր Պուշկինի հեքիաթը Սալթան թագավորի մասին։ Կարծում ենք, որ գուցե ֆիլմի ինչ-որ մասը նկարահանենք Սևանա լճում, որովհետև այնտեղ գեղեցիկ է: Մենք ամեն տարի մի քանի նախագիծ ենք անում, որտեղ ներկայացված է Հայաստանը, նույնիսկ եթե ֆիլմը հայերի մասին չէ, միեւնույն է, Հայաստանը ծառայում է որպես տեղանք»,- նշել է կինոռեժիսորը։

Հիմա եթերում