ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկն ինչ-որ պետության ինադու է արվում․ միջազգայնագետ
18 Հունիսի 2024, 22:00
Եվրոպական միությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկն ինչ-որ պետության կամ պետությունների ինադու է արվում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
«Մի քանի կուսակցություններ դիմել են Ազգային ժողով և ԵՄ-ին միանալու համար հանրաքվե անելու առաջարկ են արել: Բայց թե այս աշխարհաքաղաքական ծանր վիճակում որքանով է մեզ ձեռնտու սկսել այս գործընթացքը, այլ հարց է: Եվ եթե նույնիկս հանրաքվեով ասենք թե մարդիկ համաձայնեցին միանալ Եվրոպական միությանը, մենք վաղը մտնելո՞ւ ենք Եվրոպական միություն, այն պատրա՞ստ է ստանձնել Հայաստանի անվտանգությունն առաջացած ռիսկերի պարագայում, իսկ նման ռիսկեր առաջանալու են՝ Իրանի և Ռուսաստանի հետ կապված: Կամ կարող է կրկնվել Շվեցարիայի խաղաղության կոնֆերանսում Հայաստանի մասնակցելը, բայց ոչինչ չստորագրելը և ոչինչ չասելը: Այսինքն՝ ընթացակարգը սկսվի, բայց չի հասնի հանրաքվեի:
Չեմ կարծում՝ Եվրոպական միությունն այս ընթացակարգի համար հիմա ուրախ կլինի, քանի որ նա էլ լրջագույն խնդիրներ ունի և չի ցանկանա նոր խնդիրների բախվել, բայց այն, որ սա ինչ-որ պետության կամ պետությունների ինադու է արվում, ևս չեմ բացառում: Այս ամենը չի արվում Հայաստանին օգուտ տալու համար, և որ այն դառնա ԵՄ անդամ, ընդհակառակը՝ դա արվում է ինչ-որ աշխարհաքաղաքական բևեռներին ատամ ցույց տալու և նշելու, որ Հայաստանը գնալու տեղ ունի, և որ պահին Հայաստանը ցանկանա միանալ Եվրամիությանը, նրանք գրկաբաց կընդունեն»,- ասել է Բալասանյանը:
Նա ընդգծել է՝ այս գործընթացն ԱՄՆ-ին պետք է տարածաշրջանը խառնելու համար, բայց զուտ Եվրոպական միությանը պետք չէ:
«Եթե ավելի ռեալ դատենք, ապա այս գործընթացն այս պահին Եվրոպական միությանը պետք չէ, ԱՄՆ-ին պետք է՝ տարածաշրջանը խառնելու համար: Կարծում եմ՝ այս գործընթացում արտաքին քաղաքական միջամտություն կա, հատկապես Միացյալ Նահանգների որոշ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, մեր դաշնակիցներից մեկի հետ սրված հարաբերությունները՝ դեսպանների հետ կանչում և այլն, ուղիղ կապ ունեն միմյանց հետ և նույն շղթայի օղակներն են»,- եզրափակել է միջազգայնագետը: