Մարտիրոս Սարյանի կտավն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայի «Տապան» թանգարանում

28 Հունիսի 2024, 15:30

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցային համալիրի «Տապան» թանգարանում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել է ականավոր հայ նկարիչ, գեղանկարիչ, հայ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից, բնանկարի և նատյուրմորտի վարպետ Մարտիրոս Սարյանի գրեթե անհայտ կտավներից մեկը:

«Կարմիր ձի» կոչվող կտավը նկարվել է 1919թ.: Մեկ դար անց Սարյանի նկարն առաջին անգամ ցուցադրվում է հանրության առջև՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի խնդրանքով նկարը ժամանակավոր ցուցադրության է տրամադրել կոլեկցիոներ Վալերի Դուդակովը, ում հետ թանգարանը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում և ցուցահանդեսներ է կազմակերպում։

Դուդակովը պատմել է, որ կտավը ձեռք է բերել 80-ականներին և երբեք այն չի ցուցադրել։

Նշվում է նաև, որ Սարյանի կտավը կզարդարի «Տապան» թանգարանի գլխավոր դահլիճը և կլինի հայտնի նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Ժանսեմի, Գառզուի, Վարդգես Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին: