Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր քաղաքական գիծը շարունակում է․ Արա Պողոսյան

03 Հուլիսի 2024, 22:33

Քաղաքականություն

Փաշինյանի իշխանությունն այս պահին փորձում է բալանսավորել իր ուղղվածությունը թե դեպի Արևմուտք, թե դեպի Ռուսաստան։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Այն թյուր կարծիքը, որ Երևանը փոխել է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, որոշակի իմաստով թյուրիմացություն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր քաղաքական գիծը շարունակում է։ Իսկ այդ քաղաքական գծի բուն ու ֆունդամենտալ նշանակությունն է ամեն գնով ապահովել իր արտաքին լեգիտիմությունն՝ ի հաշիվ ներքին լեգիտիմության։ Փաշինյանի իշխանությունն այս պահին փորձում է բալանսավորել իր ուղղվածությունը թե դեպի Արևմուտք, թե դեպի Ռուսաստան՝ բայց իր էության մեջ պահելով դեպի Արևմուտք գնացող քաղաքական գիծը։

Ըստ էության, այս պահին հայկական արտաքին քաղաքականության մեղմացման պատճառներից մեկը կարելի է կապել Արևմուտքում տեղի ունեցող սպասվելիք քաղաքական փոխակերպումների, մասնավորապես՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում հնարավոր քաղաքական դերակատարների փոփոխության հետ։ Դա անհրաժեշտություն է առաջացնում ապահովագրել սեփական քաղաքական ուղեգիծը»,- ասել է քաղաքագետը։

Պողոսյանը վստահ է՝ ՀՀ իշխանությունները Ադրբեջանից բացի փորձում են նոր արտաքին թշնամու կերպար ստեղծել։

«Այն հայտարարությունները, որ հնչել են, այն գործողությունները, որ կատարել են Հայաստանի իշխանություններն, ունեցել են երկու հիմնական ասպեկտ՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական։ Ներքաղաքական կարևորագույն խնդիրը, որ փորձել են լուծել Փաշինյանն ու իր թիմակիցները, եղել է այն, որ Ադրբեջանի՝ որպես արտաքին թշնամու կերպարի ստեղծեն նոր արտաքին թշնամու կերպար, որով պարբերաբար ներհասարակական խնդիրներ փորձեն լուծել։ Այսպիսի խնդիրներից մեկը ներքաղաքական որոշակի տեղաշարժերն են, որոնց ժամանակ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում փորձում է իրականացնել հեղաշրջում»,- ասել է Արա Պողոսյանը։