Ճիշտ չէ վիզաների ազատականացման հարցը ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն․ Գրիգոր Բալասանյան
17 Հուլիսի 2024, 21:46
Եթե վիզաների ազատականացումը եղավ, Եվրոպա էլի գնալու են այն մարդիկ, որոնք ֆինանսապես դա կարող են իրենց թույլ տալ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
«Այդքան էլ հասկանալի չէ, թե վիզաների ազատականացման գործընթացն ինչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին։ Այսօր էլ ցանկացած ոք, որը ուզում է այցելել Եվրոպա, մի փոքր դժվարությամբ, բայց կարողանում է ստանալ վիզա։ Այսինքն՝ ով ունի ֆինանսական հնարավորություն ու կարող է իրեն դա թույլ տալ։ Եթե վիզաների ազատականացումն եղավ, Եվրոպա էլի գնալու են այն մարդիկ, որոնք ֆինանսապես դա կարող են իրենց թույլ տալ։ Հետևաբար, դա մատուցել իբրև դարակազմիկ իրադարձություն, Հայաստանի կյանքը 180 աստիճան փոխող իրադարձություն, ճիշտ չէ»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ փորձ է արվում ցույց տալ, իբրև թե Հայաստանի համար անվտանգային միջավայր է ստեղծվում։
«Ըստ էության, փորձ է արվում ցույց տալ, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին կամ Եվրպական միությունն անվտանգային միջավայր է փորձում ստեղծել Հայաստանի համար, որ տեսեք՝ շուտով Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 մլն եվրո կհատկացվի Հայաստանին։ Ծիծաղելի գումար, հիշեցնեմ՝ Սնուփ Դոգի համերգի համար երկու անգամ ավելի շատ գումար հատկացվել է ՀՀ կառավարության կողմից։ Այդ գումարն այն գումարը չէ, որ դրանով փորձես ինչ-որ լուրջ բան իրականացնել կամ տնտեսական թռիչք ապահովել։ Սրանով զուտ քաղաքական խնդիր է լուծում Եվրոպան՝ ցանկանալով ցույց տալ, որ մեկ քայլով ևս Հայաստանին իր մոտ է պահում ու Հայաստանը դիտարկում է իբրև Եվրոպական ընտանիքի անդամ»,- ասել է Բալասանյանը։
Միջազգայնագետը միաժամանակ նշել է, որ Եվրոպայի նպատակը Հայաստանին Ռուսաստանից պոկելն է։
«Մինչդեռ այստեղ կա աշխարհաքաղաքաական կարևոր խնդիր․ Հայաստանը պոկել Ռուսաստանից ու ցույց տալ, որ Հայաստանն իրենց համար շատ կարևոր երկիր է, դրա համար իրենք գնում են աննախադեպ քայլերի, վիզաների ազատականացման հարց են քննարկում։ Սա, ըստ էության, աղմուկ է, ոչ ավելին, և դա Հայաստանին ու Հայաստանի շարքային քաղաքացիներին, հատկապես՝ անվտանգային առումով, ոչինչ չի տալու»,- եզրափակել է Գրիգոր Բալասանյանը։