Հայաստանի հավաքականում խաղալն ամենաբարձր մակարդակն է, որին ձգտում եմ․Արթուր Գալոյան
20 Հուլիսի 2024, 14:14
Տալյատիի «Ակրոն»-ի կիսապաշտպան Արթուր Գալոյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել «РБ Спорт» կայքին` խոսելով ակումբի, Հայաստանի հավաքականի և ֆուտբոլիստների հոգեբանության մասին։
Գալոյանը նշել է, որ Հայաստանի հավաքականը կարող էր հաջողության հասնել «Եվրո-2024»-ում՝ չնայած թիմի երիտասարդությանը և հասունության պակասին:
«Անձամբ ինձ համար Հայաստանի հավաքական մտնելը ամենաբարձր մակարդակն է, որ կարող է լինել: Հավաքական պարբերաբար հայտնվելու նպատակը միշտ կա։ Նայելով Վրաստանի հաջողություններին «Եվրո-2024»-ում՝ մեկ անգամ չէ, որ մտածեցի՝ Հայաստանի հավաքականն ավելի թույլ չէ և կարող է նաև աղմուկ բարձրացնել Եվրոպայի առաջնությունում։ Վրաստանի հավաքականը համարձակ խաղաց, իսկ նրանց տեղում կարող էր լինել Հայաստանը։ Եվ ես նույնիսկ պատկերացնում եմ, որ Հայաստանը կարող է դուրս գալ խմբից։ Պետք է միշտ հավատաս քո թիմին»,- ասել է ֆուտբոլիստը։
Նա նշել է Էդուարդ Սպերցյանի բարձր ներուժը՝ նրան համարելով Հենրիխ Մխիթարյանի հավանական իրավահաջորդը։
«Այս թիմի առաջատարը Էդուարդ Սպերցյանն է։ Շատ տաղանդավոր տղա է։ Նա արդեն մի քանի տարի լավ է հանդես գալիս ՌՊԼ-ում և ազգային հավաքականում: Նա կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի մեծության ֆուտբոլիստ»,- ասել է Արթուր Գալոյանը։