Սեպտեմբերը թեժ է լինելու Վրաստանի համար․ Ջոնի Մելիքյան
26 Հուլիսի 2024, 22:30
Վրաստանի իշխանությունները քայլ արեցին ու ցույց տվեցին արևմտյան գործընկերներին, որ հակառուսական վրացական պատժամիջոցներ տեղի չեն ունենա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
«Վրաստանը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի սկզբից աջակցել է Ուկրաինային։ Վրաստանի իշխանությունները հետևում էին Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը։ Բայց սկզբունքորեն Վրաստանի իշխանությունները քայլ արեցին ու ցույց տվեցին արևմտյան իրենց գործընկերներին, որ հակառուսական վրացական պատժամիջոցներ տեղի չեն ունենա, քանի որ կվնասեն Վրաստան պետությանը»,- ասել է Ջոնի Մելիքյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ սեպտեմբերը թեժ է լինելու Վրաստանի համար։
«Այսօր քաղաքական որոշ ընդդիմադիր գործիչներ խոսում են այն մասին, որ ընդունելի են ռուս զբոսաշրջիկները, ուղիղ չվերթները, ինչը մեկ տարի առաջ շատ լուրջ քննադատվում էր, և դրա համար երբ վերականգնվեցին ուղիղ չվերթները, ռուս զբոսաշրջիկներ էին արդեն այցելում Վրաստան, այս առումով Վրաստանի տնտեսությունն օգուտ էր ունենում։
Այսօր արդեն իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, որ իրենք էլ են սկսել ռուսական խաղաքարտն օգտագործել, բայց այս անգամ ոչ թե նեգատիվ, այլ հենց դրական իմաստով, ինչը շատ հետաքրքիր է այս ընտրություններից առաջ տեսնել։ Սեպտեմբերից բավականին ակտիվ գործընթացներ կլինեն՝ լի տարբեր իրադարձություններով»,- եզրափակել է վրացագետը։