Նինա Մինասյանը Մոնղոլիայում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոյի հետ
02 Օգոստոսի 2024, 18:21
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն օգոստոսի 3-ին ելույթ կունենա Ուլան Բատորում։ Աստղին կմիանա օպերային բեմի ծագող աստղ, սոպրանո Նինա Մինասյանը։
Նինա Մինասյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 2006-2011 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 2010 թվականին դարձել է Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի։
Մինասյանը Միլանի «Լա Սկալայից» մինչև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի թատրոնի առաջատար բեմերում բեմադրությունների մշտական մասնակից է։
2023 թվականի հունվարին Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասը Տոկիոյում հարգանքի տուրք մատուցեցին Լուչիանո Պավարոտիին՝ ի պատիվ «Երեք մեծ տենորների»լեգենդար շրջագայության ավարտի 20-ամյակի։ Երեկոյի միակ հատուկ հյուրը Նինա Մինասյանն էր, ում Դոմինգոն անձամբ հրավիրել էր նախագծին և հանրությանը ներկայացրել որպես «անհավանական ձայնով հայ ականավոր սոպրանո»: