Ալեքսանդր Մնդոյանցի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ՝ Մոսկվայի կոնսերվատորիայում
10 Օգոստոսի 2024, 01:00
Հոկտեմբերի 8-ին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա հայ դաշնակահար, պրոֆեսոր և մանկավարժ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Մնդոյանցի 75-ամյակին նվիրված երեկո: Ծրագրում ընդգրկված են Ի. Բախի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ա. Ցֆասմանի, Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները:
Ալեքսանդր Մնդոյանցը երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից։ 1973թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Բ. Մ. Դավիդովիչի դասարան): 1973-1976թթ. աշխատել է Մոսկվայի կոնսերվատորիայում որպես կոնցերտմայստեր: Մանկավարժական գործունեությունը սկսել է 1979-ին Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում։ 1991թ. դասավանդել է կոնսերվատորիայում: 1989 թվականից մասնակցել է երաժշտական սեմինարների, վարպետության դասեր անցկացրել Ռուսաստանում, Մերձավոր արտերկրում, ինչպես նաև Բրազիլիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Իսրայելում, Թայվանում: Նրա աշակերտների թվում են միջազգային և ազգային մրցույթների 30-ից ավելի դափնեկիրներ, որոնցից շատերը հայտնի դաշնակահարներ են դարձել։