Գենադի Մելքոնյան․ Նկարահանումները տոնի վերածող ռեժիսորը

12 Օգոստոսի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 12-ը խորհրդային և հայ անվանի ռեժիսոր, դերասան Գենադի Մելքոնյանի ծննդյան օրն է:

Գենադի Մելքոնյանը ծնվել է 1944 թվականին Երևանում։ 1962 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես լուսավորիչ, ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, այնուհետև` ռեժիսոր:

Ավելի ուշ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

Գենադին մաքսիմալ ոգևորված և իր աշխատանքում ներգրավված ռեժիսոր էր, ուստի նկարահանումները մեծ տոն էին դառնում ինչպես իր, այնպես էլ իր թիմի համար: Մելքոնյանն իր կինոուղին «Հայֆիլմ»-ում սկսեց «Թթենի» կարճամետրաժ ֆիլմով։ Նա նաև նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մոր տունը», «Վերջին կիրակի…», «Օդապարուկի օրը», «Հպումը» և այլն:

Գենադի Մելքոնյանը կյանքից հեռացել է 2002 թվականի մայիսի 30-ին։
2012 թվականին Երևանում՝ Արամի 64 հասցեում, տեղի է ունեցել անվանի կինոռեժիսորին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը, որին ներկա էին կինոռեժիսորի ընտանիքի անդամները, հարազատները և գործընկերները: Հուշատախտակի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը։