Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջազգային զորավարժություններին
02 Հունիսի 2026, 17:40
Ադրբեջանի զինվորականները մասնակցում են բազմազգ տակտիկական «Platinum Wolf 26» զորավարժություններին, որոնք մեկնարկել են Սերբիայի հարավում՝ ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության աջակցությամբ։
Սերբիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 13-ը։ Դրանք անցկացվում են Բույանովաց քաղաքի շրջանում։
Զորավարժություններին ներգրավված է շուրջ 550 զինծառայող տարբեր երկրներից։ Սերբիայի և ԱՄՆ-ի զինվորականների հետ միասին մասնակցում են նաև Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ստորաբաժանումները։