Ալիևի սպառնալիքներն անօգուտ են. Եվրապատգամավոր

27 Հունվարի 2025, 20:15

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Մայքլ Մաքնամարան Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչու Եվրախորհրդարանի բազմաթիվ բանաձևերը չփոխեցին Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը:

«Դա ցույց է տալիս տարբերությունը Եվրամիության խորհրդի կողմից ընդունված մոտեցման միջև, որը որոշումներ է ընդունում ԵՄ արտաքին քաղաքականությանը համապատասխան, և խորհրդարանի դիրքորոշման միջև, որը ներկայացուցչական մարմին է և արտացոլում է եվրոպացիների տեսակետները որպես ամբողջություն, քանի որ այն ուղղակիորեն ընտրված է»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ էներգառեսուրսների պակասը նույնպես դեր է խաղում։

«Խորհրդարանը երբեմն սիրում է բանաձևեր ընդունել, երբ տեսնում է, որ ավելի լավ լուծում չկա։ Ադրբեջանը շատ կոշտ քննադատության է ենթարկվել, և ես կարծում եմ, որ դրանց մեծ մասն արդարացված է: Ես գիտեմ, թե ինչպիսին է իրավիճակն այս երկրում դեռ այն ժամանակվանից, երբ ԵԽԽՎ անդամ էի։

Քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը մինչ օրս չի փոխվել, և այժմ մենք ունենք լրացուցիչ բարդացնող գործոն՝ Լեռնային Ղարաբաղի և ԼՂՀ փախստականների գործոնը, որոնք, ըստ էության, ստիպված են եղել լքել իրենց տները։ Ադրբեջանը պնդում է, որ իրենք հեռացել են ինքնուրույն, սակայն նրանք հեռացել են իրական մտավախությունների պատճառով, որ իրենցից վրեժ կլուծեն, հեռացել են անվտանգության որևէ հուսալի երաշխիքի բացակայության պատճառով»,- ասել է պատգամավորը:

Խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հարցում ԵՄ-ի դերի մասին՝ Մայքլ Մաքնամարան նշել է, որ ցանկացած խնդրի նկատմամբ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա և դիվանագիտական ճանապարհով փորձի լուծում գտնել:

«Ես կասեի, որ Ուկրաինայի հարցում ես լիովին համաձայն չեմ այն մոտեցման հետ, որը որդեգրվել է, այն է՝ ռազմական լուծում փնտրել։ Ես չեմ կարծում, որ խնդիրը Ուկրաինայում կլուծվի ռազմական ճանապարհով, և ինձ թվում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար էլ ռազմական հզորության վրա հենվելը ինչ-որ առումով չի արդարացվել։ Ինչպես գիտեք, ռուսական կողմն օգնություն չի ցուցաբերել»,- ասել է նա։

Խոսելով Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, թե «Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է», նա նշել է, որ ցավալի է և անօգուտ, որ Ալիևը ուժեղացնում է հռետորաբանությունը։

«ԵՄ-ն պետք է փորձի պաշտպանել ինքնիշխան պետությունները և նրանց տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Մաքնամարան։