Ալիևը գնում է Ուկրաինայի ճանապարհով. Ալեքսեյ Լեոնկով

16 Հուլիսի 2026, 21:35

Քաղաքականություն

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինային աջակցելու վերաբերյալ։

«Բոլորն էլ հասկանում են, որ Ալիևն արտահայտում է այն տեսակետը, որն ուղղակի պարտավոր է հնչեցնել՝ որպես Թուրքիայի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի դաշնակից։ Նա պարզապես այլ ելք չունի։ Նա նույնիսկ փորձում էր Ռուսաստանի հետ հակառուսական խաղեր խաղալ։ Թե՛ այն պատմությունը, երբ իբր ռուսներն էին ինքնաթիռ խոցել, և թե՛ նրա ելույթները ռուս լրագրողների դեմ՝ նրա այս բոլոր սկանդալային քայլերը երբեք էլ բարեկամական լույսի ներքո չեն դիտարկվում։ Սակայն, եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով, ապա կհայտնվի ոչ բարեկամական երկրների ցանկում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Պարզապես Ռուսաստանի ղեկավարությունն առայժմ նման քայլի չի դիմում»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։

Ըստ Լեոնկովի՝ Ալիևը Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող է կրկնել Ուկրաինայի ողբերգական ճակատագիրը։

«Ալիևն ընդամենն իր դերն է խաղում՝ գնալով այն նույն ճանապարհով, որով անցավ Ուկրաինան, որտեղ նույնպես կարծում էին, թե ՆԱՏՕ-ն իրենց թիկունքին կկանգնի և այլն։ Արդյունքում նրանք հիմա կորցնում են երկիրը։ Խնդիրն այն է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի դերը Հարավային Կովկասում, տեղի ունեցող այս բոլոր սադրանքների ու ինտրիգների բերումով, նույնն է. նրանք պետք է սպասարկեն TRIPP կոչվող երթուղին, որով, հանուն ԱՄՆ-ի շահերի, տեղափոխվելու են բոլոր օգտակար հանածոները։ Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում նրանց պարզապես կվերածեն հակառուսական գործիքի, և եթե շարունակեն թեժացնել այս թեման ու շարժվել այդ ուղղությամբ, ապա, ինչպես ասում են, կկիսեն Ուկրաինայի ճակատագիրը»,- հավելել է Լեոնկովը։

Փորձագետը զգուշավոր լավատեսություն է հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ մեծ պատրանքներ չունի։

«Դեռևս պատրանքներ կան, թե Ադրբեջանի հետ կհաջողվի ինչ-որ կերպ լեզու գտնել և դիվանագիտության միջոցով բերել Ռուսաստանի դաշտ, քանի որ Ալիևն այս հարցում երբեմն տատանվում է։ Կարծում եմ՝ սրանք սին հույսեր են. դրանք ճիշտ նույնպիսի հույսեր են, ինչպիսիք ժամանակին Ռուսաստանն ուներ Մինսկի համաձայնագրերի հետ կապված։ Միևնույն է՝ Արևմուտքն Ադրբեջանին ստիպելու է խաղալ Ռուսաստանի դեմ, և դիվանագիտական բոլոր ջանքերը, ցավոք, ջուրն են ընկնելու»,- եզրափակել է Լեոնկովը։