Amnesty International-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ

24 Հունվարի 2025, 15:10

Քաղաքականություն

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման հույսի նշաններ չկան, և որ մարդու իրավունքների համակարգային լուրջ խախտումները պետք է խստորեն դատապարտվեն։

Amnesty International-ը մատնանշել է հետևյալ խախտումները.

-Իրավապաշտպանների և իշխանություններին քննադատող այլ անձանց կամայական կալանավորումներ և քաղաքական ձերբակալություններ:
-Ձերբակալված իրավապաշտպանները, լրագրողները, խաղաղ ցուցարարները, քաղաքական և այլ ակտիվիստներ պահվում են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին չհամապատասխանող պայմաններում: Նրանք հաճախ զրկվում են պատշաճ բժշկական օգնությունից, ընտանիքի անդամների, փաստաբանների հետ շփումից և այլն: Բացի այդ, հալածանքների են ենթարկվում նաև իշխանությանը քննադատողների հարազատներն ու ընտանիքի անդամները:
-Բաքվում կայացած կլիմայական COP29 համաժողովին Ադրբեջանից անկախ ձայներ բացակայում էին։ Այն քչերը, որոնց պաշտոնական մուտք է տրվել միջոցառմանը, Amnesty International-ին փոխանցել են, որ վախենում էին ելույթ ունենալ համաժողովում՝ վախենալով բռնաճնշումներից:
-Խոշտանգումները և կալանավայրերում դաժան վերաբերմունքի այլ տեսակները լայնորեն տարածված են Ադրբեջանում։ Դրանք անպատիժ կատարվում են ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցների կողմից, իսկ մեղավորները գրեթե երբեք պատասխանատվության չեն ենթարկվում։ Չկան բողոքների անկախ մեխանիզմներ, ինչպես նաև չկան արդարադատության և տուժածների համար արդյունավետ պաշտպանության միջոցների հասանելիություն:
-Ադրբեջանում ավելի քան տասը տարի փաստացի արգելված են խաղաղ ցույցերը։ Ընդդիմությունը, ակտիվիստները և իշխանությանը քննադատողները, այդ թվում՝ բնապահպանները, խաղաղ հավաքների և իրենց մտահոգությունները հայտնելու հնարավորություն չունեն:
-Ադրբեջանի իշխանությունները պատրվակ են ստեղծել իրենց քննադատներին կամայական ձերբակալելու և հետապնդելու ենթադրյալ ֆինանսական խախտումների համար, որոնք, իշխանությունների պնդմամբ, հավասարազոր են գողության, հարկերից խուսափելու կամ ապօրինի ձեռնարկատիրության:
Կառավարության կողմից ստեղծված ՀԿ-ները ստանում են ֆինանսական աջակցություն պետությունից և փորձում են դուրս մղել կամ փոխարինել քաղաքացիական հասարակության իրական կազմակերպություններին: