Անդրեյ Սախարովը և Արցախը. ինչո՞ւ էր ակադեմիկոսը պաշտպանում հայ ժողովրդի իրավունքները
21 Մայիսի 2025, 22:10

Անդրեյ Դմիտրիի Սախարովը՝ խորհրդային ականավոր ֆիզիկոս-տեսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան և հայ ժողովրդի բարեկամ, ծնվել է 1921 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում ֆիզիկայի ուսուցիչ Դմիտրի Իվանի Սախարովի և տնային տնտեսուհի Եկատերինա Ալեքսեյի Սախարովայի ընտանիքում, որը սերում էր հունական Սոֆիանո տոհմից։ Սախարովը մանկուց ցուցաբերել է արտասովոր ունակություններ ճշգրիտ գիտությունների նկատմամբ։
1938 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է Ուլյանովսկի ռազմական գործարանում։
1947 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո Սախարովը սկսել է աշխատել գաղտնի խմբում, որը զբաղվում էր ջերմամիջուկային զենքի մշակմամբ։ Նա դարձել է խորհրդային առաջին ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, ինչը նրան գիտական շրջանակներում ճանաչում է բերել, և որի համար պետական մրցանակների է արժանացել։
1953 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս՝ շրջանցելով թղթակից անդամի փուլը։
Չնայած գիտության մեջ ունեցած հաջողություններին՝ Սախարովը գիտակցում էր միջուկային զենքի վտանգը և դրա սահմանափակման անհրաժեշտությունը: Նա ակտիվորեն հանդես է եկել միջուկային զենքի փորձարկումների արգելման օգտին, մասնակցել երեք միջավայրում փորձարկումների արգելման մասին պայմանագրի մշակմանը և դարձել ԽՍՀՄ-ում իրավապաշտպան շարժման առաջնորդը։
1970 թվականին ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ելենա (Լուսիկ) Բոների հետ, ով հայրական կողմից հայ է։ Նրանց միությունը դարձել է ոչ միայն անձնական, այլև մտավոր գործընկերություն։ Սախարովն իր օրագրում գրել է. «Լյուսյան ինձ շատ բան է հուշել, որը ես այլ կերպ չէի հասկանա և չէի անի։ Նա մեծ կազմակերպիչ է, նա իմ ուղեղի կենտրոնն է»:
Սովետական զորքերի ներխուժումն Աֆղանստան դատապարտող հայտարարություններից հետո Սախարովը զրկվել է բոլոր պարգևներից և մրցանակներից, իսկ 1980-ին Մոսկվայից վտարվել է Գորկի: Կինը կամավոր հետևել է նրան։ Աքսորում նա երեք հացադուլ է արել․ մեկը՝ երեխաների, երկուսը՝ հենց Ելենա Բոների համար։
1986-ի վերջին Միխայիլ Գորբաչովը թույլ է տվել Սախարովին և Բոներին վերադառնալ Մոսկվա, ինչը կարևոր նշաձող է դարձել ԽՍՀՄ-ում այլախոհության դեմ պայքարի դադարեցման գործում:
Սախարովը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախի խնդրին՝ սկսած 1988 թվականի փետրվարին Սումգայիթի ջարդերից։ Նա այդ հարցը դիտարկում էր Մարդու իրավունքների հռչակագրի դիրքերից՝ պնդելով, որ բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն իրենց ճակատագիրը որոշելու ազատ կամարտահայտությամբ: Նա մերժում էր ռեպրեսիվ մեթոդները և ձգտում էր, որ Արցախի օրինակով հաղթեն նոր քաղաքականության սկզբունքները՝ դրանում տեսնելով արմատապես վերափոխված ԽՍՀՄ-ի պահպանման հնարավորությունը։
Անդրեյ Սախարովը մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 14-ին Մոսկվայում։ 1991 թվականին Երևանի հրապարակներից մեկն անվանակոչվել է նրա անունով, իսկ 2001 թվականին այնտեղ տեղադրվել է ակադեմիկոսի հուշարձանը, որն առաջինն է նախկին ԽՍՀՄ տարածքում։