Անպատժելիությունը շարունակվում է. իրավապաշտպանը՝ հղի կնոջ վրաերթի մասին

27 Ապրիլի 2026, 14:24

Քաղաքականություն

Հասարակության արդար պահանջը պիտի լինի, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տնից դուրս գալիս իրեն ապահով զգա։ Այս մասին «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) իրավապաշտպան Մարիամ Մանայանը։

«Սա շատ կարևոր է բոլորիս համար, քանի որ նման իրավիճակում կարող էր հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, մեր սիրելիներից յուրաքանչյուրը, քանի որ այս անպատժելիությունը չի դադարել, շարունակական բնույթ է կրում։ Վարչապետին ուղեկցող շարասունը կամ մյուս պաշտոնյաների ծառայողական մեքենաները շարունակում են երթևեկել նման վայրագ արագությամբ և ստեղծել նմանատիպ վտանգավոր իրավիճակներ»,- նշել է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ՝ ապրիլի 26-ին, ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Մինչ օրս որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության:

Նշենք նաև, որ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքները։

Հիմա եթերում