Արցախի էջը չի կարող փակված լինել․ Մանուկ Այվազյան

Համայնքային գործիչ, ազատամարտիկ Մանուկ Այվազյանը Alpha News-ի հետ զրույցում ասել է, որ հասարակությունը պետք է արժևորի իր հերոսներին ոչ թե միայն խոսքով կամ նրանց մահից հետո, այլ՝ նրանց կենդանության օրոք։

Անդրադառնալով Լոս Անջելեսում անհետ կորած զինվորների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանն՝ Այվազյանը ցավով նշել է, որ միջոցառմանը հիմնականում ներկա էին Արցախյան պատերազմի մասնակիցները։

«Դա ինձ մեծ ցավ է պատճառում։ Ես ուզում էի այդտեղ տեսնել ողջ հայ համայնքին։ Յուրաքանչյուրն իր տանը, սեղանի շուրջ, հայրենասեր է, բայց կենացներով հայրենասեր չեն դառնում։ Մեր ազգին համախմբում է պետք»,- նշել է ազատամարտիկը։

Նրա խոսքով՝ ազգայնականներին մոռանալը նշանակում է մոռանալ նաև սեփական ազգն ու ինքնությունը։ Նա ընդգծել է, որ ազգայնականները միշտ եղել են այն մարդիկ, որոնք հավատարիմ են մնացել իրենց գաղափարներին և չեն վաճառվել։Որպես օրինակ՝ Այվազյանը հիշատակել է Գևորգ Չաուշին, Գարեգին Նժդեհին, Անդրանիկին։

Անդրադառնալով Արցախի ներկայիս իրավիճակին՝ Մանուկ Այվազյանը նշել է, որ Արցախի էջը չի կարող փակված համարվել։

«Արցախյան առաջին պատերազմում մենք ունեցել ենք 3000-ից ավելի զոհ և 10000-ից ավելի վիրավոր։ Այնտեղ արյուն է թափվել, և հայ ժողովրդի պատմության մեջ՝ Տիգրան Մեծից հետո, սա եղել է առաջին պատերազմը, որտեղ հայերը հետ գրավեցին իրենց հողերը։ Եվ հիմա հարց է առաջանում՝ այդ գաղափարը մահացա՞վ մեր մեջ։ Դավաճաններ միշտ էլ եղել են, իսկ այն մարդիկ, որոնք դավաճան չեն, այս խառնաշփոթի մեջ հասկանում են՝ իրենց ծնողները արյուն են թափել այդ հողերի համար, և չեն կարող Արցախի էջը փակված համարել»,- նշել է Մանուկ Այվազյանը։