Արցախը միայն արցախցունը չէ, Արցախը համայն հայությանն է․ Գուրգեն Ներսիսյան

04 Հուլիսի 2023, 22:13

Քաղաքականություն

«Վերջին 6 ամսում Արցախում ներքին կյանքը բավականին մեծ շրջադարձային իրադարձությունների միջով է անցել և արցախցիները բավականին ծանր շրջան են ապրում»,-Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Ներսիսյանը վստահեցնում է՝ ադրբեջանական հանցավոր քայլերը չկարողացան կոտրել արցախցուն: Նրանք շարունակաբար և համառորեն իրենց հողին կարչած մնացին, թեև ապրում էին հումանիտար բեռնափոխադրումների հաշվին և հազիվ էին կարողանում ապահովել իրենց կենսական նվազագույն կարիքները:

«Ամիսներ շարունակ արցախցիները ապրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումների և ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումների հաշվին: Սա ադրբեջանական կողմի համար քիչ էր, և հունիսիս 15-ից նրանք ամբողջությամբ դադարեցրին Արցախ իրականացվող հումանիտար բեռնափոխադրումը: Այս ողջ ընթացքում արցախցիները նույնիսկ գիտակցում և կանխատեսում էին, որ սա նրանց սպասվող վերջին արհավիքը չէ: Մենք գիտեինք, որ մեզ ավելի բարդ իրավիճակներ էին սպասվում, այդ իսկ պատճառով, վերջին մի քանի ամիսներին արցախցին լծվեց աշխատանքին, որ կարողանա դիմակայել էլ ավելի ահագնացող այն մարտահրավերներին, որոնք Ադրբեջանը նախապատրաստում էր Արցախի հերոսական ժողովրդի համար»,- նշել է պետնախարարը:

Վերջինիս փոխանցմամբ՝ արցախցին այսօր գիտի հանուն ինչի է պայքարում:
«Դա մեր ինքնությունն է, մեր արժանապատվությունը, մեր հողին կարչած լինելու պարտականությունը, և ամենակարևորը, այսօր Արցախում ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհած մեր հազարավոր քույրերի ու եղբայրների հիշատակին արժանի լինելու զգացումն է: Թեև դժվարությունները շատ են, բայց արցախցին չի սիրում խոսել դրանց մասին»:
Միեւնույն ժամանակ, պետնախարարը ընդգծել է, որ այս իրավիճակում ամեն բան արցախցու վրա թողնելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Արցախը ոչ միայն արցախցունն է, այլ համայն հայությանը։