Սպառնալիքներ, ընտրակաշառք, վարչական ճնշումներ և կողմնակալ մեդիա միջավայր. ԵԱՀԿ առաքելություն

08 Հունիսի 2026, 19:45

Քաղաքականություն

Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հասցեին թույլ է տվել սպառնալիքներ և օգտագործել վիրավորական արտահայտություններ։ Այս մասին ասված է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության նախնական զեկույցում։ 

Փաստաթղթում նշվում է նաև, որ նա հայտարարել է ընդդիմադիր թեկնածուներին պատկանող ընկերությունների հնարավոր ազգայնացման մասին, ընդ որում՝ նման գործընթացները սկսվել էին դեռևս նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը։

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ֆարահ Քարիմիի խոսքով՝ նախընտրական արշավը բնութագրվել է թեկնածուների միջև բազմաթիվ անձնական հարձակումներով, ատելության խոսքի դրսևորումներով, ինչպես նաև ընտրակաշառքի վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։

Զեկույցում նաև արձանագրվել է վարչական ճնշում պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ՝ նրանց իշխանությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Առաքելության գնահատմամբ՝ քաղաքացիների հասանելիությունը անկախ և բազմակողմանի տեղեկատվությանը սահմանափակվել է բևեռացված մեդիա միջավայրի, կողմնակալ լուսաբանման և մանիպուլյատիվ նյութերի տարածման հետևանքով։