Արհեստական բանականության նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանումը չափազանց կարևոր է. Ելենա Զինովևա
13 Հուլիսի 2026, 21:30
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) պրոֆեսոր, «Ճանաչողական հետազոտություններ և նեյրոտեխնոլոգիաներ միջազգային հարաբերություններում» մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Ելենա Զինովևան Alpha News-ի հետ զրույցում խոսել է արհեստական բանականության զարգացման համաշխարհային մրցակցության և ռազմական ոլորտում դրա օգտագործման մասին։
Նրա խոսքով՝ այսօր արհեստական բանականությունը համապարփակ տեխնոլոգիա է, որը ներթափանցում է կյանքի բոլոր ոլորտներ և դառնում աշխարհաքաղաքական մրցակցության գործոն։
«ԱՄՆ-ն ու Չինաստանն արդեն ձևավորել են իրենց սեփական էկոհամակարգերը. Չինաստանն առաջատար է արտոնագրերով, իսկ ԱՄՆ-ն ակտիվորեն զարգացնում է ռազմական տեխնոլոգիաները։ Կան նաև ուժային այլ կենտրոններ՝ Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՍԵԱՆ-ի երկրները։ Մենք տեսնում ենք կարգավորման և ներդրման տարբեր ռազմավարություններ, ուստի չի կարելի խոսել միայն երկու խաղացողի և նրանց շուրջը գտնվող «այրված անապատի» մասին։ Այսօր գոյություն ունեն զարգացման բազմաթիվ մոդելներ, և ոչ մի երկիր չի կարող պատկերացնել իր տնտեսական ապագան առանց թվային տեխնոլոգիաների»,- ասել է Զինովևան։
Փորձագետի կարծիքով՝ արհեստական բանականությունը ներկայումս աշխարահառազմավարական մրցակցության և աշխարհաքաղաքական հակամարտության անբաժանելի մասն է։
«Այսօր Ռուսաստանում պահանջված է ինքնիշխան արհեստական բանականության համակարգի զարգացումն ու կարգավորումը։ Պետդուման արդեն ընդունել է համապատասխան որոշումներ։ Կարևոր է ամրապնդել ոչ միայն տեխնոլոգիական, այլև նորմատիվային առաջատարությունը։ Ռուսաստանը ներկա է թվային առաջատարների համաշխարհային քարտեզի վրա՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի կողքին։ Իրենց դիրքերն ուժեղացնում են Հնդկաստանը, Աֆրիկան, Լատինական Ամերիկան, ԱՍԵԱՆ-ը։ Աշխարհաքաղաքական խնդիրներն ուղղակիորեն ազդում են թվային ենթակառուցվածքների վրա. տվյալների մշակման կենտրոնները և կապի մալուխները դառնում են ռազմավարական մրցակցության թիրախ։ Հետևաբար, արհեստական բանականությունը միջազգային քաղաքականության մաս է, որն այսօր բազմաբևեռ է»,- նշել է Զինովևան։
Փորձագետի խոսքով՝ ռազմական ոլորտում արհեստական բանականության ներդրումը փոխում է ժամանակակից հակամարտությունների բնույթը և պահանջում է վերահսկողության ու կարգավորման միջազգային մեխանիզմների մշակում։
«Նոր տեխնոլոգիաների հայտնվելը փոխում է զինված հակամարտությունների բնույթը։ Արհեստական բանականությունն ազդում է որոշումների կայացման արագության և մարտական գործողությունների դինամիկայի վրա, ինչպես տեսնում ենք Մերձավոր Արևելքի հակամարտության օրինակով։ Զսպման ավանդական կատեգորիաները պահպանվում են, բայց ստանում են թվային չափում. եթե նախկինում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լուսանկարները վերլուծվում էին ձեռքով, ապա այսօր դա անում է ԱԲ-ն։ Առաջանում են լուրջ էթիկական հարցեր՝ որքանո՞վ է մարդը մնում գործընթացի լիարժեք մասնակից, եթե նրան ընդամենը վայրկյաններ են հասանելի թիրախի վավերացման (ստուգման) համար։ Ռուսաստանը վաղուց է առաջարկում այս խնդիրները քննարկել «Ոչ մարդասիրական զենքերի մասին» կոնվենցիայի շրջանակներում։ Բանակցությունները բարդ են, բայց ծայրահեղ կարևոր է պահպանել բանական մարդկային վերահսկողությունը նման համակարգերի նկատմամբ»,- ընդգծել է Զինովևան։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը կարող է հետխորհրդային երկրներին առաջարկել թվային ինքնիշխանության տեխնոլոգիաներ, կիբերանվտանգության ոլորտում սեփական մշակումներ և ընդհանուր մշակութային կոդ։
«Ռուսաստանը կարող է հետխորհրդային երկրներին առաջարկել թվային ինքնիշխանության մոդել և տեղեկատվական անվտանգության ոլորտում համաշխարհային մակարդակի լուծումներ։ Կիբերանվտանգության ռուսական դպրոցը հենվում է խորհրդային ծածկագրման ավանդույթների վրա և հաջողությամբ մրցակցում էր նույնիսկ ամերիկյան շուկայում։ Կարևոր են մշակութային և պատմական մոտիկությունը, խելացի քաղաքների ոլորտում մրցունակ մշակումները և տեխնոլոգիաներով կիսվելու պատրաստակամությունը։ Արհեստական բանականությունը միշտ փոխանցում է արժեքներ, ուստի ինքնիշխան ԱԲ-ի հայեցակարգը կողմնորոշված է դեպի ռուսական մշակութային կոդը, որը մոտ է տարածաշրջանի շատ երկրների»,- եզրափակել է Զինովևան։