Աշխարհի 11 ռեկորդները և դարի սխրանքը Երևանում. Շավարշ Կարապետյան

19 Մայիսի 2026, 22:30

Հայեր

Շավարշ Կարապետյանը լեգենդար լողորդ է, որի սխրանքները՝ տասնյակ մարդկանց փրկելու շնորհիվ, նրան դարձրել են արիության և անձնուրացության խորհրդանիշ:Շավարշ Կարապետյանն աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն է, որին մարդիկ հիշում են 1974 և 1976 թվականներին կատարած անհավատալի սխրանքների շնորհիվ:

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953թ. մայիսի 19-ին Կիրովականում (այժմ ՝ Վանաձոր, Հայաստան): 1964 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ գերազանցությամբ ավարտել է դպրոցը և ավտոմեխանիկական տեխնիկումը, այնուհետև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Հետագայում կրթություն է ստացել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և քաղաքացիական ծառայության ակադեմիայում:

Փոքր տարիքից Կարապետյանը դրսևորել է բնավորության արտասովոր ուժ և ձգտում դեպի սպորտը։Սկզբում զբաղվել է մարմնամարզությամբ, բայց շուտով իրեն գտել է ջրասուզալող սպորտաձևում։ Արդեն 1972 թվականին Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է երկու ոսկե մեդալ և սահմանել համաշխարհային ռեկորդ։ Մարզական կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17‑ակի չեմպիոն, Եվրոպայի 13‑ակի չեմպիոն, ԽՍՀՄ 15‑ակի գավաթակիր և ԽՍՀՄ 7‑ակի չեմպիոն: 1982 թվականին նրան շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

Սակայն նրա փառքը միայն կապված չէ մարզական նվաճումների հետ։ 1974-ին Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնալիս է եղել Երևան: Վերելքի վրա վարորդը նկատել է շարժիչի անսարքությունը, կանգնեցրել է մեքենան և դուրս եկել։ Այդ պահին ավտոբուսը շարժվել է տեղից։ Կարապետյանը, փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ, արմունկով ջարդել է վարորդի խցիկի ապակին և կանգնեցրել մեքենան: Ավտոբուսում այդ պահին գտնվելիս են եղել 30-ից ավելի ուղևորներ, այդ թվում՝ մարզիկներ։

Սակայն ամենամեծ սխրանքը նա կատարել է այդ դեպքից երկու տարի անց՝ 1976-ի սեպտեմբերի 16-ին։ 92 ուղևոր ունեցող տրոլեյբուսը ընկել էր Երևանյան լիճը։ Այդ պահին լճափին մարզվում էր սուզալողորդ Շավարշ Կարապետյանը և նրա եղբայրը՝ Կամոն, որը նույնպես սուզալողորդ էր։ Տեսնելով ջրի տակն անցած տրոլեյբուսը, Շավարշ Կարապետյանը անմիջապես փրկարարի դեր է ստանձնել։

Նրան օգնել է եղբայրը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Այս ամենը, սակայն, Շավարշի առողջության վրա շատ ծանր է նստել. թոքերի բորբոքումն ու սեպսիսը փաստացի վերջ են դրել նրա մարզական կարիերային:

Չնայած դրան, Կարապետյանը շարունակել է ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին։ 1993 թվականին Շավարշ Կարապետյանը տեղափոխվել է Մոսկվա:Այստեղ նա սկսել է զբաղվել բիզնեսով՝ բացելով «Երկրորդ շնչառություն» կոշիկի արտադրության ձեռնարկությունը: Նա դարձել է նաև Ռուսաստանի ստորջրյա լողի ասոցիացիայի պատվավոր նախագահ:

Շավարշը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Նրա անունով է կոչվել մի աստերոիդ, բացի դրանից ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան շնորհել է «Fair play» («Արդար խաղ») մրցանակը։ Բացի այդ, նա արժանացել է նաև ՀՀ «Արիության համար» մեդալի։

Շավարշ Կարապետյանի կյանքը օրինակ է, թե ինչպես ոգու ուժն ու անձնազոհությունը կարող են մարզիկին վերածել իսկական հերոսի:Նրա սխրանքները հավերժ կմնան մարդկանց հիշողության մեջ՝ որպես քաջության, ազնվության և մերձավորի հանդեպ սիրո խորհրդանիշ: