Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Լենինգրադի մարզի «Wildberries»-ի պահեստին․ կա երեք տուժած

24 Հուլիսի 2026, 09:13

Քաղաքականություն

Լենինգրադի մարզում «Wildberries» ընկերության պահեստի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

«ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստներում՝ Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում»,- գրել է նա սոցիալական ցանցում։

Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Մարզպետը նաև հայտնել է, որ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով փլուզվել է թռչնաֆաբրիկայի պահեստը, սակայն այնտեղ տուժածներ չկան։

Ըստ պաշտոնական տվյալների՝ մարզում խոցվել է ընդհանուր առմամբ 59 անօդաչու թռչող սարք։ Հարձակումից հետո անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել է «Wildberries»-ի Շուշարի և Ուտկինա Զավոդ բնակավայրերում գտնվող լոգիստիկ համալիրների աշխատանքը։

Բացի այդ, տարհանվել է նաև «Wildberries»-ի Սիմֆերոպոլի տեսակավորման կենտրոնը։