Այս պահին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև որևէ լայնածավալ համագործակցություն չկա․ Դմիտրի Դրոբնիցկի
27 Հուլիսի 2026, 17:10
Քաղաքագետ-ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։
Փորձագետի խոսքով՝ ամերիկյան կողմը բանակցությունների հարցում որևէ առանձնահատուկ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։
Ըստ քաղաքագետի՝ Մոսկվայի և Վաշինգտոնի գլխավոր և միակ լուրջ խնդիրը երկու տերությունների միջև վտանգավոր սրացում թույլ չտալն է։
«Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա այսօր Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը շատ քիչ պատճառներ ունեն բանակցություններ վարելու համար։ Ըստ էության, մնում է միայն մեկ լուրջ հարց՝ ինչպես կառուցել փոխգործակցությունն այն պայմաններում, երբ երկու երկրների շահերը մեծ մասամբ չեն համընկնում և հաճախ գտնվում են ամբողջովին տարբեր հարթություններում։
Ընդհանրապես, այս պահին ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտության առջև կա միայն մեկ իսկապես կարևոր խնդիր՝ հարաբերություններն այնպես կառուցել, որպեսզի շահերի հատման գոտիներում ցանկացած շփում չվերածվի լարվածության աճի, էսկալացիայի և առավել ևս՝ ուղղակի ռազմական բախման վտանգի։
Այս ամենից բացի, ներկա պահին և տեսանելի ապագայում Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև որևէ այլ նշանակալի համագործակցություն չի լինի։ Այն լայնածավալ առևտրատնտեսական համագործակցությունը, որի մասին երբեմն խոսվում է, չկա և, մեծ հաշվով, երբեք էլ չի եղել։ Այսօր նման բան չկա ո՛չ կողմերի օրակարգում, ո՛չ էլ նրանց իրական հնարավորությունների շրջանակում», — եզրափակել է Դրոբնիցկին։