Ազգային շահը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերը հռչակվելու են դավաճաններ․ Անդրանիկ Թևանյան
21 Մայիսի 2026, 13:39
Թուրք-ադրբեջանական շրջանակները պահանջում են Հայաստանի ուկրաինացում, որ թուրքական աշխարհը կարողանա գերիշխող դեր զբաղեցնել Հարավային Կովկասում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ մանրամասնելով, թե ինչ այլ պահանջներ է ներկայացրել ՀՀ-ին այս շրջանակը։
«Թուրք-ադրբեջանական և Արևմուտքի գլոբալիստական շրջանակների պահանջները Հայաստանից հետևյալն են՝ «Զանգեզուրի միջանցքի» հանձնում, ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում, Հայաստանի առնվազն երեք տարածքների հանձնում, որոնք ճանապարհային կարևոր հանգույցների վրա են, ատոմակայանի փակում, ՀՀ-ի հանքարդյունաբերության ոչնչացում, Գյումրիում տեղակայված Ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացում։ Այս ամենից բացի պահանջում են, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ուկրաինացում, որ թուրքական աշխարհը կարողանա գերիշխող դեր զբաղեցնել Հարավային Կովկասում»,- նշել է Թևանյանը։
Կուսակցության առաջնորդի խոսքով՝ նման հրեշավոր ծրագրի տակ է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ իսկ պատճառով բոլոր այն քաղաքական ուժերը, որ ազգային շահն են պաշտպանում, հռչակվելու են դավաճաններ։
«Իշխանությունների հարձակումները մեզ վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։ «Մայր Հայաստան»-ն իր ստեղծման օրվանից կողմ է եղել, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի։ Մենք մշտապես ցույց ենք տվել, որ ոչ թե աթոռի, մանդատի խնդիր ունենք, այլ ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ն Արցախի ճակատագրին չարժանանա»,- ընդգծել է Թևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։