Դա հայկական պետության օգտին չէ. Անդրեյ Կլիմովը՝ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների հեռանալու մասին

09 Մայիսի 2024, 23:30

Քաղաքականություն

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ և ՀՀ ղեկավարների պայմանավորվածությանը, որի համաձայն՝ ռուս սահմանապահները կլքեն Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված այն կետերը, որտեղ տեղակայված էին 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները գտնվում են արտաքին ուժերի հիպնոսի տակ, որոնք ամենաքիչն են մտածում հայ ժողովրդի անվտանգության մասին:

«Դա խոսում է այն մասին, որ, ըստ ամենայնի, Հայաստանում գտնվող իշխանությունն այնքան էլ շահագրգռված չէր, որ մեր սահմանապահները մնան այնտեղ։ Հայաստանի ներկայիս կառավարությունն իրեն այնպես է պահում, որ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում՝ նրանք գտնվում են այնպիսի արտաքին ուժերի հիպնոսի տակ, որոնք ամենաքիչն են մտածում հայ ժողովրդի երջանկության և անվտանգության մասին: Ես գիտեմ, որ մինչ այդ կոնկրետ դեպքում մեր սահմանապահ զորքերը տեղակայվել են Հայաստանի տարածքում, և դա ժամանակին պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ցանկանում էին ամրապնդել իրենց երկրի անվտանգությունը տարբեր տեսակի արտաքին մարտահրավերներից։ Դե, ներկայիս իշխանությունները, հավանաբար, ցանկանում են ամեն ինչ այլ կերպ անել»,- ասել է Կլիմովը։

Սենատորի խոսքով՝ այս ամենը ձեռնտու չէ հայկական պետությանը և նրա ժողովրդին։

«Պարոն Փաշինյանի պահվածքը հասկանալն ինձ համար դժվար է, քանի որ նա իր ժամանակի զգալի մասն անցկացնում է ոչ բարեկամական պետությունների հետ զրույցներում, որից հետո ի հայտ են գալիս լուծումներ, որոնք, իմ անձնական կարծիքով, չեն կարող ծառայել հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ Մեր սահմանապահները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, և եթե ներկայիս ղեկավարները դրա կարիքը չունեն, ապա ինչ անենք, մենք չենք կարող ստիպողաբար այնտեղ լինել։ Իմ անձնական կարծիքով, այս ամենը երկարաժամկետ հեռանկարում հայկական պետության և նրա ժողովրդի օգտին չէ», — եզրափակել է Կլիմովը: