Դոնի Ռոստովում բացվել է Խորհրդային Միության հերոս Ղուկաս Մադոյանի հուշարձանը
07 Մայիսի 2025, 23:50
Դոնի Ռոստովի երկաթուղային կայարանի շրջանում բացվել է Խորհրդային Միության հերոս, 1943 թվականի փետրվարին Դոնի Ռոստովը նացիստական զավթիչներից ազատագրած Ղուկաս Մադոյանի հուշարձանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միջոցառմանը մասնակցել են շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը, քաղաքի ղեկավար Ալեքսանդր Սկրյաբինը, Հարավային դաշնային շրջանում և Հյուսիս-կովկասյան դաշնային շրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը, Մադոյանի հարազատները, երիտասարդ զինվորականներ, դպրոցականներ, կուրսանտներ և այլք:
Հուշարձանն իրենից ներկայացնում է սպայական համազգեստով Մադոյանի բրոնզե քանդակը՝ ատրճանակը ձեռքին, որն իր մարտիկներին հարձակման է պատրաստում: Կոմպոզիցիայի բարձրությունը ավելի քան 5 մետր է։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ներսիկ Կիրակոսյանը և գեղարվեստաձուլական արվեստանոցի ղեկավար Վալերի Ժիլյաևը:
Ղուկաս Մադոյանը ղեկավարել է Դոնի Ռոստովի պաշտպանությունը երկաթուղային կայարանի շրջանում։ Այդտեղ կա հերոսի անունով փողոց։ Նա նաև Ռոստովի պատվավոր քաղաքացի է: