Ձեռքբերված սպառազինության մի մասը փորձարկված չէ, դրանք չեն լրացնում կորուստները. Միքայել Դարբինյան
27 Մայիսի 2026, 22:00
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով փորձագետ Միքայել Դարբինյանը համոզված է՝ Մայիսի 28-ին իշխանության կազմակերպած զինվորական շքերթի նպատակն ընտրություններին ձայներ կորզելն է:
«Պատահական չէ ընտրությունների հետ այս համընկնումը, սրանով ձգտում են ձայներ շահել, որովհետև հանրային աջակցություն են կորցրել՝ Հայաստանի տարածքային կորուստների, Արցախը կորցնելու պատճառով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Միքայել Դարբինյանը:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե այս շքերթով ցույց են տալու բանակում կատարված փոփոխություններն ու ձեռքբերումները։ Մինչդեռ անվտանգության հարցերով փորձագետը նշեց, որ ձեռքբերված սպառազինության մի մասը փորձարկված չէ:
«Տարբեր երկրներից զինատեսակներ են ձեռք բերվել, բայց դրանց մի մասը փորձված չէ, հատկապես Հնդկաստանից գնածը: Հայաստանը դառնում է փորձադաշտ մի շարք զինատեսակների համար: Որոշ զինատեսակների դեպքում Հայաստանը միակ գնորդն է: Ձեռքբերված զինատեսակները չեն բավարարում, լրացնում այն կորուստները, որոնք Հայաստանը կորցրել է Արցախում և այլ վայրերում»,- ընդգծեց նա:
Միքայել Դարբինյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը, որը նրա համոզմամբ, Հայաստանը դուրս կբերի ներկայիս իրավիճակից:
«Մենք կողմ ենք ուժեղ դիվանագիտությանը, որը կարմիր գծեր կունենա, այսինքն Հայաստանի պետական, ազգային շահերին չեն հակասի….Խաղաղությունը մեզ համար միշտ ցանկալի է, հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պետք է հարաբերություններ ունենալ, բայց դա չպետք է զիջումների գնով լինի: Պետք է լավ հարաբերություններ ունենալ բոլոր գերտերությունների հետ»,- ասաց Դարբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: