ԵԱՏՄ-ում Հայաստանի անփոխարինելիության մասին պատկերացումը միֆ է․ Ալեն Ղևոնդյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում, ամենաանհաջող արձագանքներից մեկն էր։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն այն չափի չէ, որ երկիրը կարողանա խոսել ԵԱՏՄ-ի գործունեության ավարտի մասին։

Ալեն Ղևոնդյանը միաժամանակ նշել է, որ Հայաստանը կարելի է բացառիկ պետություն համարել, քանի որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համեմատ գրեթե 300 անգամ ավելի մեծ շահույթ է ունեցել։

Անդրադառնալով ՌԴ հայկական ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ քաղաքագետն ասել է, որ օբյեկտիվ պատճառներով սահմանափակումների հետևանքով ռուսական շուկայում առաջացած ապրանքների պակասն արագ լրացվում է։

«Սա նշանակում է, որ Հայաստանի անփոխարինելիության մասին պատկերացումը, որն ավելի շատ ուղղված է ներքին լսարանին, միֆ է։ Գլխավոր խնդիրն այն է, որ թեև Հայաստանի գործող իշխանության վիճակը գուցե վատ չէ, սակայն բուն երկրի վիճակն է վատ»,- ընդգծել է Ալեն Ղևոնդյանը։